Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հորդորեց` դիմել Ծառուկյանին

Դեկտեմբեր 05,2012 21:11

«Դիմեք  այն մարդուն, ում ուղղված է հարցը»,- այսօր  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողներն արդեն որերորդ անգամ փորձում էին վարչապետից գնահատականներ ստանալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու մասին: Լրագրողները վարչապետից նաեւ հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ինչո ՞ ւ է ուշանում ԲՀԿ առաջնորդի որոշումը:

Այն հարցին, թե ԲՀԿ-ն հավակնում է հենց վարչապետի պաշտոնին եւ իր դիրքորոշման վերջին փոփոխութուններն էլ դրանով են պայմանավորված, Տիգրան Սարգսյանը կրկին ասաց, որ չի հիշում մի վարչապետի, ում ընդդիմությունը եւ մամուլը խնայած լինեն իրենց քննադատություններով: Այս առումով, նա իրենց բացառություն չի համարում եւ ասաց, որ տեղյակ չէ այնպիսի բանակցություններից, որոնց ժամանակ սակարկության առարկա է դառնում այն աթոռը, որի վրա այժմ ինքն է նստում:

Խոսակցություններին, որ իր պաշտոնի հավանական հավակնորդների թվում նշվում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարպետյանի անունը, Տիգրան Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով ՀՀ-ում քիչ չեն այն քաղաքական գործիչները, ովքեր կարող են զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը:

Վարչապետը պարզաբանեց նաեւ ռուսական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում տեղ գտած որոշ մտքեր, որոնք հայկական լրատվամիջոցներում քննարկման առարկա են դարձել եւ ներկայացվել այնպես, թե վարչապետի արտահայտած տեսակետը Ցեղասպանության եւ ԼՂ հարցերում հակադրվել է ՀՀԿ տեսակետին: Ըստ նրա, անդրադառնալով Ցեղասպանության խնդրին, իր հարցազրույցում ասել է, որ չկա հայկական ընտանիք, որտեղ այս հարցը չքննարկվի եւ հիշել է իր մանկությունը, երբ իր ընտանիքում եւս հիշում էին Ցեղասպանությունից փրկված պապի պատմությունն այն մասին, թե ինչպես են թուրքերի կողմից սպանվել նրա ծնողներն ու եղբայրը: Ինչ վերաբերում է ԼՂ  հարցին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ութսունականներին Սումգայիթում ու Բաքվում հենց նույն ձեռագրով հայերը ֆիզիկական ոչնչացման են ենթարկվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31