Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն արտառոց բան չի տեսնում

Դեկտեմբեր 05,2012 21:02

«Շատ տրամաբանական է, որ ընդդիմությունը բյուջեին դեմ է քվեարկում, իսկ կառավարություն ձեւավորած կոալիցիան` կողմ է քվեարկում: Դա հենց դասական քաղաքական պայքարի կանոններ են: Այդտեղ որեւիցէ արտառոց բան ես չեմ տեսնում: Անտրամաբանական կլիներ եւ քաղաքական սենսացիա կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ պետական բյուջեի նախագիծը եւ կողմ քվեարկեր»,- այսօր կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը վարչապետից հետաքրքրվել էր` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ՀՀԿ-ական կառավարության ներկայացրած 2013 թվականի ՀՀ պետբյուջեին կողմ են քվեարկել միայն իշխող կոալիցիայի անդամները, իսկ խորհրդարանական ընդդիմադիրները դեմ էին: Չի՞ կարծում, որ դա լուրջ մեղադրանք է` ուղղված կառավարությանը: Ընդհանրապես, վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում դրան, ու եթե հանկարծ ստացվեր այնպես, որ ընդդիմադիրները դրական արտահայտվեին պետբյուջեի մասին, վարչապետի կարծիքով, այդ դեպքում էլ լրագրողները պետք է հարցնեին` ինչ-որ բա՞ն է փոխվել մեր երկրում:

Անդրադառնալով հարցին, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ բյուջեն ընդունվեց առանց եկամտային մասի քննարկման, մինչդեռ կառավարությունը խոստացել էր դա անել, Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարությունը պատրաստ է ցանկացած ձեւաչափով քննարկել հարցը: Վարչապետը չհամաձայնեց բյուջեի քննարկումների եւ եզրափակիչ ելույթների ժամանակ հնչած այն գնահատականների հետ, որ 2013-ի բյուջեն նահանջի մասին վկայող փաստաթուղթ է: Վարչապետի կարծիքով, սա հենց այն բյուջեն է, որը հնարավորություն է տալիս անել առավելագույնը կառավարության առջեւ դրբած խնդիրները լուծելու համար: Իսկ կառավարությունն իր առջեւ մեծ նպատակ է դրել` հասնել յոթ տոկոսանոց տնտեսական աճի:

Aravot.am-ի դիտարկմանն էլ, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը նույնպես վիրավորված եւ նեղացած է կառավարությունից, քանի որ մերժվել են ՀՀԿ խմբակցության ներկայացրած առաջարկները` 2013-ի բյուջեի մասով, որոնք ներառում էին ներկայացուցչական ծախսեր: Այդ մասին, նախօրեին իր ամփոփիչ ելույթում ասաց նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Մասնավորաբար, պատգամավորների գործուղումների համար նախատեսված գումարների ավելացում, ծառայողական մեքենաների սպասարկման գումարների ավելացում եւ այլն: Տիգրան Սարգսյանն ասաց. «Ես Գալուստ Սահակյանի հետ ամեն օր աշխատանքային քննարկումներ եմ ունենում եւ նման գնահատականների ծանոթ չեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31