«Առավոտ»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ, այժմ՝ «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորների հեղինակած՝ Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկության հետաձգման փաստի առիթով ԲՀԿ ներկայացուցիչների արտահայտած զարմանքին։
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am–ի հետ զրույցում նշել էր, որ իրենց համար մի քիչ անհասկանալի է Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հեղինակի՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի «պայծառ լավատեսությունը», որով նա ընդառաջ գնաց մեծամասնության առաջարկին՝ մեկ տարով հետաձգել նախագիծը: «Ընդհուպ ինքնաթիռի տրապից մեր երկու պատգամավորներ հետ են կանչվել՝ Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանը, որպեսզի այսօր ներկա լինեն եւ հնարավոր քվեարկության դեպքում մասնակցեն քվեարկությանը»,- ասել էր Ն․ Զոհրաբյանը եւ հավելել, որ հետ են վերադարձել նաեւ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, որը Մոսկվայում պետք է վիրահատության ենթարկվեր եւ Ներքին զորքերի նախկին գլխավոր հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ):
Անդրանիկ Քոչարյանն այս առիթով «Առավոտ»-ին ասաց․ «Ըստ ամենայնի նրանց զարմանքը պայմանավորված էր նրանով, որ նրանք, հավանաբար հիմնվելով ՀԱԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, սպասում էին լրիվ այլ զարգացումների: ԲՀԿ-ին անհրաժեշտ էր, որպեսզի պետաիրավական հանձնաժողովում տեղի ունենար քվեարկություն, որի ընթացքում իրենք կքվեարկեին կողմ, իշխանական կոալիցիան կքվեարկեր դեմ, հարցը չէր մտնի օրակարգ, ինչով տպավորույթուն կստեղծվեր , որ «Բարգավաճ Հայաստանը», ի տարբերություն իշխանական կոալիցիայի, Մարտի 1-ի թեմայի քննարկումից չի վախենում, նույնիսկ ավելին, ձգտում է այդ քննարկմանը: Դրանով իսկ փորձ էր արվելու մոռացության տալ 2008-ին իրենց կոալիցիայի մաս լինելու փաստը, հեռացնել Մարտի 1-ի իրադարձությունների համար իրենց պատասխանատվության խնդիրը, եւ դրանով իսկ «մաքրվել» գալիք նախագահական ընտրություններից առաջ»:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: