Այսօր Մոսկվա կինոթատրոնում բացվեց «Հայտնի տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ն:
Aravot.am-ի հետ զրույցում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը հայտնեց, որ ցուցահանդեսն իրականացվում է գենդերային բռնության դեմ համաշխարհային պայքարի 16-օրյակի շրջանակում. «Կարեւորում ենք տղամարդկանց մասնակցությունը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, որովհետեւ իրականում բռնության հիմնախնդիրը միայն կանանցը չէ, այլեւ` հասարակությանը: Հայտնի տղամարդկանց ցուցահանդեսում ներգրավելը պայմանավորված է այն հանգամանքով, որ պայքարի մեջ հեղինակությունների տեսնելով` մարդիկ լուրջ են մոտենում խնդրին: Լուսանկարված տղամարդկանց մի մասը հայտնի չէ հեռուստացույցով, բայց պատասխանատվություն է կրում մարդկային ինչ-որ խմբերի համար»:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ վերջերս կազմակերպությունը հնգօրյա քայլարշավ էր կազմակերպել Գյումրից Երեւան` անցնելով 18 գյուղով. «Այդ ընթացքում ակնհայտ էր դառնում մարդկանց վերաբերմունքը հիմնախնդրին: Հետաքրքիր է, որ կանայք ծեծը չէին ընկալում որպես բռնություն: Երբ հարցնում էինք, թե արդյոք իրենց նկատմամբ բռնություն կիրառվել է, պատասխանում էին` ոչ: Բայց երբ ասում էինք, թե գյուղում արդյոք որեւէ ամուսին իր կնոջը չի ծեծում, ասում էին` «դա բռնություն չի»: Հետեւաբար, բռնության տեսակների մասին ինֆորմացիան բացակայում է»:
Տաթեւիկ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կազմակերպվի դասընթաց` «Կնոջ կերպարը» գովազդում թեմայով, եւ կներկայացվեն հայկական գովազների հետազոտության արդյունքները. «Իսկ դեկտեմբերի 10-ին The Club-ում տեղի կունենա ֆիլմի ցուցադրություն եւ կնոջ իրավունքների վերաբերյալ ձեռնարկի շնորհանդես»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ