Այսօր կայացավ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի գործկոմի ընդլայնված նիստ, որում քննարկան գլխավոր թեման 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցն էր:
Նիստին ներկա աշխատանքային փորձ ունեցող մարզական լրագրողները կրկին անդրադարձան լավագույն տասնյակի ընտրության սկսզբունքներին, որն անցած տարի լրացվել եւ ընդունվել է ՀՄԼՖ գործկոմի նիստում: Նրանք մեկ անգամ եւս փաստեցին, որ ամբողջ աշխարհում տասնամյակներ առաջ հիմնված ավանդույթով տարվա լավագույն մարզիկներին որոշում են լրագրողները:
Սակայն Հայաստանում մարզական լրագրողների լրացրած անհատական քվեաթերթիկների ձայների հրապարակային հաշվարկման արդյունքները (դրանք ամեն տարի տպագրվում են «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթում), որոնցով որոշվում է տվյալ տարվա Հայաստանի լավագույն մարզիկը եւ տասնյակում ընդգրկվող մարզիկների հերթականությունը, մարզաշխարհի որոշակի շրջաններում անհարկի դժգոհությունների առիթ են դառնում: Ամեն մի մարզաձեւի ղեկավար կամ մասնագետ, կարեւորելով իր նվաճումը, իրեն իրավունք է վերապահում անձամբ կամ այլ ձեւերով ու միջոցներով կասկածի տակ առնել ձայների հաշվարկման արդարացիությունը: Արդյունքում, երբեք ներկայացվող ամփոփիչ ցուցակը բոլորի սրտով չի լինում եւ մարզական լրագրողների ֆեդերացիան ամեն տարի ստիպված է լինում դիմակայել բողոքավորների գրոհներին` ամեն անգամ բացատրելով, որ յուրաքանչյուր մարզական լրագրող կազմված հավակնորդների նախնական ցուցակով լրացնում է իր տարբերակը եւ տասնյակում մարզիկները դասավորվում են ըստ ստացած միավորների պարզագույն թվաբանական հաշվարկի: Ընդ որում, յուրաքանչյուր լրագրող ազատ է եւ իրավունք ունի իր տարբերակում նշել նաեւ իր ցանկացած մարզիկի անունը, որը բացակայում է նախնական ցուցակում: Ու այդտեղ ոչ մի կողմնակի միջամտություն, միջնորդություն, անձնական համակրանք կամ հակակրանք չկա:
Կարդացեք նաև
Այսօր ՀՄԼՖ գործկոմի անդամները եւ նիստին ներկա մարզական լրագրողները մեկ անգամ եւս վերահաստատեցին, որ լավագույն տասնյակի իրենց տարբերակը լրացնելիս առաջնորդվելու են ՀՄԼՖ-ի ընդունած եւ հաստատած կանոնակարգով. առաջին հերթին նախապատվությունը տալ օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկված մարզաձեւերին` օլիմպիական խաղեր, աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններ, համաշխարհային ուսանողական խաղեր հերթականությամբ, որից հետո միայն աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների, պատանիների առաջնություններ, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի: Իսկ թե ով` ո՞ր մարզաձեւի ներկայացուցչի արդյունքը մյուսներից կգերադասի, դա իրենց բացառիկ իրավունքն է եւ ոչ ոք իրավունք չունի միջամտել, առավել եւս` թելադրել իր կամքն ու կարծիքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ