Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հիացմունքն արտահայտեց առ այն, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը օրերս բացահայտել է 90-ականներին տեղի ունեցած «Մոսկվիչի» գողության դեպքը:
Ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է նախագահ Սարգսյանի եղբորորդին Երեւանում կրակոցներ արձակել եւ «արեւմտյան թրիլեր» ցուցադրել: «Մինչդեռ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը չի կողմնորոշվում, թե ինչպես իրեն դրսեւորի այս հարցում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչո՞ւ օրենքով սահմանված միջոցառումներ այս առիթով չեն իրականացնում: ՀԱԿ պատգամավորի հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նախ «Մոսկվիչի» մասով նկատեց, որ հանցագործության բացահայտումը պետք է ուրախալի լինի՝ անկախ դրա բացահայտման ժամկետներից, եւ Սերժ Սարգսյանի եղբորորդու կրակոցների մասով էլ ասաց, որ պաշտոնական հաղորդագրություն չկա, տուժողի անուն չկա:
Անդրադառնալով այդ առիթով մամուլի հրապարակումներին, Հրայր Թովմասյանը Փաշինյանին խոստացավ, որ հարցի վերաբերյալ թույլատրելի տեղեկատվություն, որը չի անցնում նախաքննության գաղտնիության սահմանը, պատգամավորին կտրամադրվի:
Կարդացեք նաև
Ի դեպ, մամուլի հրապարակումների մասով Թովմասյանը նկատեց, որ շատ հաճախ ու շատ արագ շատ հրապարակումներ հերքվում են: Իբրեւ օրինակ նա վկայակոչեց «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում այսօր հրապարակված այն տեղեկությունը, որ Սաշիկ Սարգսյանը խորհրդարան չի հաճախում: «Մինչդեռ վերջինս պատգամավոր չէ»,- ասաց Թովմասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ