Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով» պաշտպանն ասում է՝ եթե 50-ը ներկայանային իրավապահներին, ապա նրանք կձերբակալվեին

Դեկտեմբեր 05,2012 17:41

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին բռնարարքի գործով  հերթական դատական նիստը: Ավարտվեց երրորդ տուժողի՝ Էդգար Նիկոյանի հարցաքննությունը:

Սկսվեց չորրորդ տուժողի՝ Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը: Նախորդ տուժողի՝ Է. Նիկոյանի հետ կապված հրապարակվեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի՝ նրան ճանաչման ներկայացնելու, ինչպես նաեւ առերեսման արձանագրությունները: Այդ ժամանակ տուժողն ասել էր. «Իրեն մատնացույց արված տղամարդը վիճաբանության, ծեծկռտուքի ժամանակ  հանգիստ կանգնած էր»:

Ամբաստանյալի պաշտպան Ավագ Լալայանին հետաքրքրում էր, թե ինչու երկու օր հետո նա ասել էր, թե իր պաշտպանյալը հանգիստ կանգնած էր, իսկ դատարանում այդ մասին նա չի հայտնում: Նույն հարցը հետաքրքրեց նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանին: Նա հարցնում էր՝ ում է նկատի ունեցել տուժողը, երբ նախաքննության ժամանակ հայտնել է, որ Խաչատրյանի ընկերները ծեծի են ենթարկել իրեն եւ իր ընկերներին: Արդյոք դա ենթադրությո՞ւն չէ. եթե տուժողը չի ծեծել, ո՞վ ում է ծեծել: Մի քանի անգամ տուժողը կրկնեց, որ դեմքերը չի տեսել, որ տեսել է շարժում:

Միհրան Պողոսյանը տարբեր շեշտադրումներով շարունակեց իր հարցերը, ասելով. «Եթե Արման Բաղդասարյանը ձեր տեսադաշտում չի եղել, ձեր կարծի՞քն է, որ նա է ձեզ ծեծի ենթարկել», կամ՝ «ձեր պատկերացմա՞մբ է, որ Արման Բաղդասարյանը ձեզ ծեծի է ենթարկել»: Դատավորը երբ փորձեց հարցը հանել, պաշտպանը առարկեց դատարանի գործողությունների դեմ, ասելով, թե նախագահողը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, ասելով, որ եթե տուժողը չի տեսել 6 ամբաստանյալներին,  ապա ինչո՞ւ է տվել այդ տղաների անունները: Ապա նկատեց, որ եթե 6 ամբաստանյալները չներկայանային իրավապահներին՝ որոշակի տեղեկություններ հաղորդելու նպատակով, չէին ձերբակալվի եւ եթե 50-60 անձինք ներկայանային իրավապահներին, ապա նրանց էլ կձերբակալեին:

Չորրորդ տուժող Արկադի Աղաջանյանի ցուցմունքը չհետաձգվեց՝ աշխատանքային ժամի ավարտի հետ կապված, քանի որ դրան դեմ արտահայտվեցին  ամբաստանյալների պաշտպանները:

Հիշեցնենք, որ ռազմական բժիշկները Արկադի Աղաջանյանի  ծննդյան օրվա կապակցությամբ են եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31