Լրահոս
Օրվա լրահոսը

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»-ի հայցն ընդդեմ Արդարադատության նախարարության հիմնավո՞ր է

Դեկտեմբեր 05,2012 17:34

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության:

Aravot.am-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը մանրամասնեց, թե նման որոշման պատճառը որն է: Նա մասնավորապես ասաց. «Մենք ստացել ենք տեղեկատվություն զինծառայողներից, որ իրենցից գումարներ են հավաքել, կամ իրենց պարտադրել են աշխատավարձից ամսական վճարումներ կատարել: Բոլորին տարածել են զինանշաններով թերթիկներ և այլ գովազդային նյութեր և պահանջել են, որ հազար դրամով գնեն՝ հիմնավորելով, որ այդ գումարները գնում են «Մարտիկ» հիմնադրամ, եւ այդ գումարների հիման վրա պիտի որոշակի սոցիալական բնույթի խնդիրներ լուծվեն զինծառայողների հետ կապված»:

Ա. Սաքունցի փոխանցմամբ՝ իրենք, կասկածելով, թե ի վերջո ինչ է այդ հիմնադրամը, փորձել են հիմնադրամի մասին նյութեր հավաքել, քանի որ կոռուպցիոն ռիսկերի կասկածներ ունեին: Սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ իրենք լրատվական միջոցներից չեն գտել հիմնադրամի հաշվետվությունը: Եվ քանի որ հիմնադրամը պարտավոր էր հաշվետվության պատճենը տրամադրել Արդարադատության նախարարությանը, իրենք փորձել են հաշվետվություն ստանալ այդ կառույցից:

Ա. Սաքունցը նաև հավելեց. «Զուգահեռ հարցում կատարեցինք պետռեգիստր, թե ովքեր են հիմնադրամի հիմնադիրները: Պարզեցինք, որ հիմնադրամի հիմնադիրներից են այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը, նրա առաջին տեղակալ, Արթուր Աղաբեկյանը, ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը: Դրանից հետո ավելի հիմանավորվեցին մեր կասկածները: Հիմնադրամի հիմնադիրները պաշտոնատար անձինք են և օգտագործել են վարչական ռեսուրսը: Փաստորեն պաշտոնական դիրք օգտագործելով՝ ենթականերից պահանջում են, որ աշխատավարձից վճարումներ կատարեն: Լավ, էլի պարտադրեցիք, հավաքեցիք, բայց ի՞նչ սոցիալական հարցեր եք լուծել»:

Ա. Սաքունցը ամփոփելով նշեց. «Մեր տեղեկատվության իրավունքը խախտված է պետության կողմից: Իսկ տեղեկատվության կրողն այս պարագայում հանդիսանում է արդարադատության նախարարությունը»:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Արթուր Սաքունցը դիմել է նախարարության տեսչությանը, և խնդիրն ուսումնասիրվել է ու առաջարկել իրավաբանական անձանց պետական ռեգիստր գործակալությանը տրամադրել հաշվետվությունը: Սակայն այդ ժամանակ, քանի որ դատական հայցով դիմել են դատարան, պետական ռեգիստրից տեղեկացրել են, որ մինչև դատական վճիռ կկայացվի, ըստ դրա՝ կտրամադրեն հաշվետվությունը: Թեև մինչ այդ Սաքունցին հաշվետվությունը տրամադրել են, սակայն նա չի ստորագրել, որ ստացել է և ասել է, որ ինքը դատական ատյաններում շարունակելու է իր պայքարը: Դատական բոլոր ատյանները նրա հայցը չեն բավարարել: Այդ հաշվետվությունները գաղտնի չեն, հրապարակված են մամուլում, «Հայ զինվոր» թերթում և azdarar.am կայքում: Դա օրենքի պարտադիր պահանջ է: Չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, բայց քանի որ որևէ գաղտնիք չի եղել, դրանք հրապարակված են եղել, Արթուր Սաքունցը դրանք ստանալու հնարավորություն ունեցել է, բայց ինքը չի ընդունել: Մեկնաբանությունները թողնում եմ Արթուր Սաքունցին և ընթերցողին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31