«Դպրոցական բլոգ» ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթը: Դրան մասնակցել է 30 դպրոցական: Իսկ այսօր «Նարեկացի» արվեստի միությունում ամփոփվում էին մրցույթի արդյունքները:
«Նպատակը միայն օժտված երեխաների հայտնաբերում չէ, այլ նաեւ նրանց` հասարակական կյանքի մեջ ներգրավելը: Դպրոցականների կողմից գրված ստեղծագործությունները արտացոլում են մեր իրականությունը»- ասում է «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը:
«Ուլիսես» պատմվածքի մրցույթն անցկացվում էր երկրորդ անգամ: Խորագիրը ընտրվել է ի պատիվ Ջեյմս Ջոյսի, ով համանուն վեպի հեղինակն է:
Մրցույթի հաղթողները երեքն էին` Մերի Շառոյան, Ռոբերտ Պետրոսյան, Ռուբինա Դավթյան: Վերջինս նաեւ «Ուլիսես»-ի մրցանակակիրն էր:
Գրող Գրիգոր Սարգսյանը ժյուրիի երեք անդամներից մեկն է եղել: Մեզ հետ զրույցում նշեց, որ պետք է հաշվի առնել, որ պատմվածքի հեղինակները դպրոցականներ են եւ իրենց առաջին քայլն են անում այս ասպարեզում. «Որակի առումով ասեմ, որ ամեն գործ յուրահատուկ էր: Հետաքրքիր աշխատանքներ կային, իսկ թերությունները հիմնականում խմբագրական էին»:
Պատմվածքների մրցույթին մասնակցել է նաեւ Ավետիս Հարությունյանը: Սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրում: Նա բաժանորդագրված է «Դպրոցական բլոգ»-ին եւ այնտեղից էլ իմացել է մրցույթի մասին: «Ուլիսես» պատմվածքի մրցույթին ներկայացրել է իր կողմից գրված աշխատանքը, որը կոչվում է «Մոլորված խիղճ». «Պատմվածքը մի քիչ հուզիչ է եւ խոսում է հենց խղճի մասին»:
Ավետիսը մեզ պատմեց, որ սա իր առաջին ստեղծագործությունը չէ եւ հետագայում պատրաստվում է զբաղվել գրականությամբ:
Նշեմ, որ «Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011թ. մարտ ամսից: Այստեղ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներ խոսում են իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում` ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն եւ այլ թեմաներ:
Արամ Արարատյան