Դանիայի Թագավորական գրադարանը խիստ քննադատության է արժանացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական տարբերակի ցուցահանդեսն անցկացնելու համաձայնությունը տալու համար: Գրում է «Կոպենհագեն պոստ» թերթը:
Գրադարանը ընդառաջել է Դանիայում Թուրքիայի դեսպանին, որպեսզի նա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսի, որն այժմ ցուցադրվում է գրադարանում, թուրքական տարբերակը ներկայացնի, ինչն արժանացել է մի շարք շրջանակների քննադատությանը, այդ թվում` քաղաքական գործիչների, պատմաբանների և Դանիայում Հայաստանի դեսպանատան:
«Սա Թուրքիայի ճնշման արդյունքն է: Առանց այս երկու դեպքերը համեմատելու. սա նույն բանն է, ինչ նեո-նացիստներին առաջարկես Հոլոքոստի մասին ցուցահանդես կազմակերպել», – ասել է Դանիական ժողովրդական կուսակցության խոսնակ Սյորեն Էսպերսենը «Բյերլինգսկե» թերթին:
Կարդացեք նաև
Պատմաբան և Հայոց ցեղասպանության գծով մասնագետ Մաթթիաս Բյորնլանդը ապշած է գրադարանի նման որոշումից. «Եթե հավատում եք, որ պատմության բոլոր տարբերակները հավասար են, ապա խաթարում եք ձեր հետազոտական ինստիտուտի դերը», – ասել է նա «Բյերլինգսկե» թերթին, – «Դա ցեղասպանություն էր, և այս պատմության ոչ բոլոր մեկնաբանություններն են ճշմարտացի»:
Թագավորական գրադարանի տնօրեն Էրլանդ Քոլդինգ Նիլսենը հերքել է, որ նրանք այդ քայլին են գնացել թուրքական կողմի նշումների պատճառով. «Ոչ ոք չի կարող ճնշել մեզ, և մենք չենք ասել, որ հեռացնում ենք հայկական ցուցահանդեսը: Մենք պարզապես հնարավորություն ենք տվել նրանց ցուցադրելու իրենց այլընտրանքային ցուցահանդեսը», ասել է Նիլսենը «Բյերլինգսկե» թերթին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ