Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, քննվում է ավազակային հարձակմամբ ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերը հափշտակելու փորձի վերաբերյալ գործը:
Ամբաստանյալները հինգն են՝ Վարդան Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը, Ռադիկ Հովագիմյանը, Գևորգ Աբրահամյանը և Գևորգ Հովակիմյանը: Ըստ մեղադրանքի, նրանք ոչ ավել- ոչ պակաս «աչք են դրել» ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերի վրա և դրանց տիրանալու համար հատուկ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, մեծ գումարի պարտքեր ունեցող ամբաստանյալ Վարդան Սարգսյանը համաքաղաքացի, ՀՀ Ոստիկանության զորքերի հատուկ միջոցների կիրառման վաշտի հրաձիգ, կրտսեր սերժանտ Գևորգ Հովակիմյանից տեղեկացել է, որ ՀՀ ՈԶ N զորամասի աշխատավարձերը բաժանվում են կանխիկ և որ այն բերվում է 3 անձանց ուղեկցությամբ, «Գազ 24-10» մակնիշի ավտոմեքենայով, եղբոր` Դավիթ Սարգսյանի հետ մտադրվում են իրականացնել ավազակային հարձակում և հափշտակել այդ գումարը:
Այդ նպատակով Վ. Սարգսյանը 2011թ. մարտին ստեղծում է կազմակերպված կայուն խումբ` իր ծրագրի մասին տեղեկացնում է իրեն պատկանող «Դ և Վ» տաքսի ծառայության վարորդ Ռադիկ Հովագիմյանին, վերջինիս որդուն` հիշյալ ՀՀ ՈԶ զորամասի պայմանագրային զինծառայող` Գևորգ Հովակիմյանին, համաթաղեցի, իրենց մտերիմ Գևորգ Աբրահամյանին և ստանալով նրան համաձայնությունը` ավազակությամբ հափշտակել զորամասի աշխատավարձերի առանձնապես խոշոր չափերի հասնող գումարը:
Կարդացեք նաև
Ավազակային հարձակումն իրականացնելու նպատակով խումբը ձեռք է բերում ավտոմեքենա, զենք, դիմակներ և կատարում դերաբաշխում, հետո հետևում են «Գազ 24-10» ավտոմեքենային և դարանակալում: Անցյալ տարվա ապրիլի 27-ին՝ հերթական դարանակալման ժամանակ, տեսնելով, որ «Գազ 24-10» մակնիշի 62 ՍՍ 243 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել զորամասի տարածքից և այնտեղ բացի վարորդից գտնվում են 2 կին և 1 տղամարդ, հասկացել են, որ նրանք ուղևորվում են գումարը բերելու: Ժամը 13.30-ի սահմաններում ՀՀ ՈԶ զորամասի հաշվապահ Լյուդմիլա Սաֆարյանը, գանձապահ Ռուզաննա Ասատրյանը, նույն զորամասի սպա Կարեն Աթիկյանը և ենթասպա Ալեքսանդր Դեմիրխանյանը, վերջինիս վարած «Գազ 24-10» մակնիշի հիշյալ ավտոմեքենայով զորամասի աշխատավարձը` 93.720.000 դրամ գումարը հաշվապահությունից ստանալուց հետո ուղևորվել են զորամաս:
Տեղափոխվող գումարը ավազակությամբ հափշտակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով Գևորգ Աբրահամյանը իր վարած «Մոսկվիչ 21412» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել «Գազ 24-10» ավտոմեքենային, բախման հետևանքով Դեմիրխանյանը կանգնեցրել է իր վարած ավտոմեքենան, իսկ Գ. Աբրահամյանը, ըստ մշակված ծրագրի, ցանկանալով գրավել ուղևորների ուշադրությունը և նրանց վախեցնելու նպատակով աղաղակել է, իբրև մեքենայում դրված գազի բալոնը կպայթի և ոտքով դիմել է փախուստի: Այդ պահին Ռ. Հովագիմյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայով մոտեցել է «Գազ 24-10» մեքենային, դրանից իջել են Վարդան և Դավիթ Սարգսյանները: «Գազ 24-10» ավտոմեքենայի ուղևորների դիմադրությունը կոտրելու և նրանց պահպանության տակ գտնվող գումարը հափշտակելու նպատակով, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենց մոտ եղած 1 հատ գազային և 1 հատ օդաճնշիչ ատրճանակները ուղղել են նրանց վրա, իսկ Դեմիրխանյանը գումարի անվտանգ տեղափոխման համար հատկացված ինքնաձիգը ուղղել է ավազակային հարձակում նախաձեռնած խմբի վրա, իսկ Ռ .Հովագիմյանը դիտավորությամբ իր վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դեմիրխանյանին ու դիմել փախուստի: Վ. և Դ. Սարգսյանները՝ հանդիպելով մեքենայի ուղևորների դիմադրությանը, չկարողանալով գումարը հափշտակել, դիմել են փախուստի: