Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Բաղդասարովի մասին. «Խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ ապաշնորհ է»

Դեկտեմբեր 05,2012 16:05

ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց հակամենաշնորհային այն քայլերը, որոնց խմբակցությունները պետք է կողմ քվեարկեն, եթե ուզում են պայքարել մեր երկրում մենաշնորհների դեմ:

Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանները, որոնց համաձայն, մեր երկրում մենաշնորհ չկա, կա միայն գերիշխող դիրք ունեցող, իսկ դա խախտում չէ: Խախտում է միայն , երբ չարաշահվում է այդ դիրքը, մասնավորապես, գները չհիմնավորված բարձրացնելը. «Եթե թարգմանենք, սա նշանակում է, որ մեր կառավարությունը պաշտոնապես ընդունում է, որ մենաշնորհների, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների դեմ պայքարելուց հրաժարվում են: Այսինքն՝ խախտում են Սահմանադրությունը: Պատասխանի մեջ ամենախայտառակ պնդումը սա է՝ կենտրոնացվածության բարձր մակարդակը պայմանավորված է որոշակի օբյեկտիվ գործոններով՝ ինչպիսիք են ՀՀ փոքր շուկան, փակ սահմանները, աշխարհագրական դիրքը, մրցունակ տնտեսվարող սուբյեկտների սակավությունը:

Գործ ունենք, մի իշխանության հետ, որը ցանկանում է լեգիտիմացնել Սահմանադրությանը հակասող այս իրողությունը: Բոլոր այդ հանգամանքները, որ կառավարությունը նշում է իբրեւ օբյեկտիվ պատճառ՝ մենաշնորհների համար, նույն կառավարության գործունեության արդյունքն է:

Ո՞ւմ հայտնի չէ, որ նույն ներկրողների համար մաքսային մարմինները սահմանում են մաքսազերծման համար արտոնյալ ցածր գներ, որի արդյունքում մի կողմից դուրս են մնում մրցակցության մեջ մտնող գործարարները, մյուս կողմից՝ բյուջե քիչ գումար է մտնում:

Ո՞ւմ հայտնի չէ, որ ներկրող օլիգարխների համար նման արտոնյալ ռեժիմ սահմանող ՊԵԿ նախագահն ինքը մի օլիգարխ է, որի համար սահմանել է օրինակ, մենաշնորհային դիրք՝ օպտիկամանրաթելային մալուխների ներկրման բնագավառում, որովհետեւ ցանկանում է ապահովել իր ունեցած «Ucom»-ի մենաշնորհը՝ տվյալների կաբելային հաղորդման շուկայում:

Ո՞ւմ հայտնի չէ Սերժ Սարգսյանի այն մերձավորի անունը, որ տիրապետում է բենզինի ու դիզվառելիքի շուկային եւ հիմնականում զբաղված է բարեպաշտ սերնդի դաստիարակմամբ:

Ո՞ւմ հայտնի չէ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի անունը, ով ավիակերոսինի ներկրման մենաշնորհը զուգորդում է ավիացիայի բնագավառում ազգային փոխադրման մենաշնորհային դիրքի հետ: Հերիք չէ, անգամ մենաշնորհային դիրք ունենալով՝ անորակ սպասարկմամբ խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ այնքան ապաշնորհ է, որ միջազգային պարտքերի շնորհիվ գտնվում է սնանկացման եզրին:

Ո՞ւմ հայտնի չէ, որ շաքարավազի ներկրումը բացարձակ մենաշնորհ է Հայաստանում, այն էլ մի մարդու կողմից, որ Սահմանադրության խախտմամբ այն զուգորդում է պատգամավորության գործունեության հետ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, մենաշնորհների հետեւում կանգնած են շատ կոնկրետ քաղաքական ուժեր. «Եվ որպեսզի պարզ դառնա, թե ով է մենաշնորհների պաշտպանը, այդ հարցը դնում են քվեարկության»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց. «Ես, բնականաբար, չեմ կարող համաձայնել այստեղ հնչեցված ձեր շատ որակումների եւ հարցադրումների հետ, բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, հազիվ թե գտնվի մի ողջամիտ քաղաքացի, որ ասի, թե մենք խնդիրներ չունենք երկրում մրցակցության հարցում: Մենք ունենք նաեւ ռեալ, իրական, օբյեկտիվ, բավականին բարենպաստ մի հանգամանք, որը դժվարացնում է խնդրի լուծումը: Հայաստանում իրավիճակն ավելի վատ չի, քան շատ-շատ այլ երկրներում»:

Այս հարցի քվեարկությունը լինելու է վաղն առավոտյան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31