2006-ի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից, մեկնարկեց Հայաստանի տարին Ֆրանսիայում, որն ավարտվեց 2007-ի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը: Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում «Հայաստան, իմ բարեկամ» խորագրի ներքո կայացավ շուրջ 850 միջոցառում:
Հայ եւ ֆրանսիական կողմերը Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելը որակեցին որպես նոր եւ կարեւորագույն փուլ հայ-ֆրանսիական հարաբերություններում
Եվ ահա, այդ նոր փուլի համատեքստում, ինչպես ահազանգում է Ֆրանսիայի հայկական թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրինգյանը, շուրջ 60 տարի գոյություն ունեցող թանգարանը, որի հավաքածուն ընդգրկում է հայկական մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ, այլեւս տեղահանված է: Դեռեւս անցյալ տարվա հուլիսին Մշակութային արժեքների գլխավոր տնօրինությունից թանգարանը նամակ էր ստացել, որ շենքում շինարարական աշխատանքների պատճառով հավաքածուն պետք է տեղափոխվի: Տնօրենի համոզմամբ, դա ծրագրավորված վտարում էր: «Ֆրանսիայում Հայաստանի տարին մշակութային մեծ դրսեւորում էր՝ կրելով «Հայաստան, իմ բարեկամ» վերնագիրը: Մի՞թե այն այլեւս գոյություն չունի: Չէ՞ որ պետության խոսքը պարտավորեցնող է, նույնիսկ՝ հաստատուն»,- զարմանում է Ֆրինգյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը երեւույթի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանից, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանից եւ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանից:
Անելկա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ցավ հայտնեց կատարվածի առնչությամբ: «Ես այս տարի դիմել էի Ֆրեդերիկին, որ ցուցահանդես անենք, ու նա տագնապի մեջ էր: Ասում էր՝ խնդիրներ կան շենքի ու ցուցադրության հետ կապված: Ես շատ ցավում եմ, ափսոս, շատ ափսոս, շատ վատ լուր ասացիք»: Տիկին Գրիգորյանը խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն մեկնաբանություն անել:
Արարատ Աղասյանը նշեց, թե տեղյակ չէ կատարվածի մանրամասներից, ուստի պատրաստ չէ կարծիք հայտնել. «Ինչ վերաբերում է երեւույթին, եթե մի թանգարան եղել է, գործել է, արդարացրել է իրեն, ու տեղահանում են, բնականաբար դա բացասական երեւույթ է»:
Քիչ անց, արվեստի ինստիտուտի տնօրենը հավելեց. «Լավ կլիներ արձագանքեին ոչ թե գիտակրթական հաստատությունները, բուհերը, ինստիտուտները, այլ մշակույթի նախարարությունը՝ համապատասխան բաժիններով, մեր ԱԳՆ-ն, որովհետեւ ավելի կարեւոր է մեր իշխանավորների վերաբերմունքը: Ես այդ թանգարանում չեմ եղել, չեմ պատկերացնում՝ ինչ արժեքներ են այնտեղ պահվում, այ եթե խոսք գնար Գարիկ Բասմաջյանի հավաքածուի մասին, կարող էի ինչ-որ բան ասել, բայց այս դեպքում այդքան լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է գործել, արդարացրե՞լ է իրեն, թե՝ ոչ: Մյուս կողմից էլ, եթե մի գործող մշակութային օջախ, այն էլ հայ-ֆրասիական դարավոր կապերի պարագայում փակվում է, վատ է»:
Փարավոն Միրզոյանը տեղյակ չէր Ֆրանսիայի հայկական թանգարանի պատմության մանրամասներից, քանի որ արձակուրդում էր եւ նոր է արտերկրից վերադարձել: Բայց լուրը լսելով նեղսրտեց. «Ամեն թանգարան ունի իր պատմությունն ու նշանակությունը, անընդունելի է թանգարանի հետ այդպես վարվելը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ