Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հովսեփյան. «Պուտինի այցը նպաստավոր չէր»

Դեկտեմբեր 05,2012 15:29

«Պուտինի այցը կայացավ բավական բարդ ժամանակահատվածում, երբ փաստորեն, երկու երկրների միջեւ առկա են հանգուցային տարաձայնություններ՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական մի շարք զարգացումների հետ կապված: Խոսքը վերաբերվում է առաջին հերթին Սիրիայում ընթացող զարգացումներին, Թուրքիայի տարածքում հակահրթիռային հակաօդային պաշտպանության եւ այլ խնդիրներին: Մեծ հաշվով՝ Պուտինի այցը այս խնդիրներով էր պայմանավորված եւ այն չնպաստեց կողմերի միջեւ հանգուցային խնդիրների վերաբերյալ, դիրքորոշումների մոտեցման, կամ համաձայնության եզրեր գտնելուն»,- այսօր «Արմատ» ակումբում մեկնաբանելով Պուտինի՝ դեկտեմբերի 3-ի այցը, ռուս-թուրքական հարաբերությունները, ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Ռուս-թուրքական հարաբերությունները բնորոշելիս թուրքագետը նշեց, որ կարելի է ասել, որ դրանք մեծապես պայմանավորված են ու այդ հարաբերությունների բնույթը որոշում են առետրատնտեսական հարաբերությունները, էներգետիկ ոլորտը. «Կարելի է ասել, որ երկու երկրները փորձում են առավելապես օգտվել մեկը մյուսից եւ աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով առաջացած սրացումներից զերծ պահել իրենց հաջողությունները»:

Հովսեփյանի ձեւակերպմամբ՝Ռուսաստանի համար Թուրքիան կարեւոր գործընկեր է, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը եւ նրա՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու փաստը, Ռուսաստանը ոչ մի կերպ չի ցանկանա նման գործընկերոջը ձեռքից բաց թողնել. «Մի գուցե Ռուսաստանում փորձում են տնտեսական էներգետիկ համագործակցության զարգացմամբ իրենց կողմը գրավել Թուրքիային, ինչը անհեռանկարային է: Իսկ Թուրքիայի համար Ռուսաստանը առաջին հերթին իր էներգետիկ անվտանգության խնդիրն է ապահովում, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները, որոշակիորեն հավասարակշռելու , բալանսավորելու, նաեւ որպես այլընտրանքային գործընկեր պահելու խնդիր է»,- համոզված է թուրքագետը: Ըստ նրա՝

մեծ հաշվով, ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունները կառուցված են մաքսիմալ օգտապաշտական եւ մինիմալ հեռատեսական սկզբունքով:

«Վերջերս Դավիթօղլուն ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրել էր իբրեւ «ոսկե դար», բայց առկա են լուրջ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական խնդիրներ, որոնք կարող են այդ «ոսկե դարը» կարճ ժամանակահատվածում տեղափոխել հակասությունների շրջան»,-ավելացրեց թուրքագետը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31