Հայաստանի էներգետիկ ռեսուրսների պաշարները զարգացնելու եւ դրանք խնայողաբար օգտագործելու համար այս տարվա նոյեմբերին «Էներգախնայողության» միջազգային օր-փառատոն էր կազմակերպվել: Այսօր «Ելակետ» ակումբում տեղի ունեցավ այդ փառատոնի արդյունքների ամփոփումը:
«Ով որ հարուստ է, նա էլեկտրաէներգիա խնայող է, աղքատները շռայլող են»,- ասաց ասուլիսի բանախոս «Տապան» էկո-ակումբ հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը՝ բերելով Նորվեգիայի օրինակը.
«Նորվեգական կառավարության կողմից որոշում է ընդունվել բնակարաններում 20 % ջերմամեկուսիչ, ջերմախնայող ապակիներ տեղադրել: Սա այն դեպքում, երբ Նորվեգիան աշխարհի էներգիա արտահանող ամենամեծ երկրներից մեկն է: Ինչո՞ւ մեր կառավարությունը չի գնում այդ քայլին»,- հարցնում է պարոն Սարգսյանը ու ինքն էլ պատասխանում.«Մենք 4 տարի առաջ նմանատիպ առաջարկ ենք ներկայացրել կառավարությանը, վարչապետի հետ քննարկել ենք այս հարցը, բայց մինչեւ հիմա պատասխան չկա»:
Կարդացեք նաև
Եվրոմիության «Ինոգեյթ» ծրագրի փորձագետ, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության զարգացման վարչության նախկին պետի՝ Լեւոն Վարդանյանի համոզմամբ՝ մեր երկիրը էներգիա արտահանող երկրների շարքին չի պատկանում. «Ճիշտ է՝ Վրաստանին էներգիա վաճառում ենք, բայց դա միայն սեզոնային բնույթ է կրում»: Ըստ նրա, մինչ այսօր մեր երկիրը էներգիա է արտադրել՝ իր ներքին պահանջը բավարարելու համար:
«Մեր կառավարության ու Էներգետիկայի նախարարության հիմնական նպատակը եղել է ու մնում է էլեկտրաէներգիայի կայուն ապահովումը: Մենք մութ ու ցուրտ տարիների կրկնությունը չենք ուզում: Ատոմակայանի նոր ռեակտորի կառուցումը կնպաստի այս գործին»,- ասաց զարգացման վարչության նախկին պետը:
Հիշեցնենք նաեւ, որ 2010 թվականից Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր է ներդրվել հայկական մի շարք դպրոցներում:
Աշոտ ԱԹԱՅԱՆ