ՀՀ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 25-29-ը Ֆրանսիայի սենատի հրավերով եղել են Ֆրանսիայում: Բարեկամական խմբի ղեկավարն է ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը, խմբի կազմում են Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը, Մհեր Շահգելդյանը եւ Մնացական Մնացականյանը:
Այդ առիթով այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խմբի ղեկավար Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ այցի շրջանակներում եղել են մի շարք հանդիպումներ, նաեւ կլոր սեղան՝ «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» թեմայով:
Պարոն Բաբլոյանի տեղեկացմամբ՝ կլոր սեղանի ժամանակ ցուցադրվել են Լեռնային Ղարաբաղին նվիրված Ցվետանա Պասկալեւայի ֆիլմերը:
Ելույթ է ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն: Պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ պարոն Ֆասյեն բավական անկողմնակալ եւ օբյեկտիվ անդրադարձ է կատարել ԼՂՀ խնդրին եւ դրա կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին: Տիկին Եսայանին միայն փոքր-ինչ դուր չի եկել այն, որ պարոն Ֆասյեն դիմելով երկու կողմերին, նկատառում է հայտնել, թե ռազմական հռետորաբանությամբ հարցի լուծման անհնար է հասնել եւ որ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Ֆասյեի հետ առանձնազրույցում տիկին Եսայանը հարցով դիմել է նրան՝ հասկանալու համար որքանո՞վ է նախկին համանախագահը խաղաղ իր խղճի հետ եւ նման հորդոր է ուղղում երկու կողմերին էլ: Մինչդեռ հայտնի է, որ ռազմական հռետորաբանությամբ եւ սպառազինությամբ աչքի է ընկնում Ադրբեջանը: Պարոն Ֆասյեն, բնականաբար, դիվանագիտորեն ժպտացել է եւ ոչ մի բառ չի ասել: Մարգարիտ Եսայանի ընկալմամբ՝ Ֆասյեի ժպիտը համաձայնության նշան էր:
Մարգարիտ Եսայանը կարեւորեց նաեւ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման համակարգի պատասխանատուների հետ հանդիպումը, որի ժամանակ ինքը հարց է բարձրացրել, թե չի՞ պատրաստվում, արդյոք, Ֆրանսիան համայնքային մակարդակներում հարաբերություններ սկսել չճանաչված պետությունների համայնքների հետ: Հանդիպման մասնակից ֆրանսիական կողմի ներկայացուցիչներն իհարկե հասկացել են, որ հայ պատգամավորը չճանաչված պետություն ասելով նկատի ունի ԼՂՀ-ն:
Համագործակցության հստակ ծրագրեր այս պահի դրությամբ Ֆրանսիան չունի, բայց չի բացառվում, որ առաջիկայում լինեն նման ծրագրեր եւ ինչպես հավելեց Արա Բաբլոյանը, առայժմ Հայաստանի կողմից միջնորդավորված ձեւով:
Մհեր Շահգելդյանն էլ տեղեկացրեց «Ֆրանս տելեկոմում» ունեցած հանդիպումների մասին:
Ընդհանուր առմամբ, պատգամավորները դրական են գնահատում այս այցելությունը եւ հուսով են, որ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական հարաբերությունները էլ ավելի կխորանան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ