Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը և նրա եղբայրը ծեծի են ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, ինչի արդյունքում դերասանը հաջորդ օրն ունեցել է լսողության կորուստ, որը, սակայն, հաջորդ օրերին սկսել է վերականգնվել: Այս մասին Tert.am–ին հայտնել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը:
«Ուղեղի ցնցում նրա մոտ չէր ախտորոշվել, սակայն բժիշկները հայտնաբերել էին հեմոտոմա, որը, ըստ բժիշկների, կցրվի»,- ասել է նա։
Ֆրեդերիկ Դավթյանի խոսքով՝ դերասանը, ծեծի օրը նշանակված ներկայացում ունենալով, ուշադրություն չի դարձրել և մասնակցել է ներկայացմանը, սակայն դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է՝ գլխացավ, սրտխառնոց և այլ երևույթներ:
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն ասել է, որ դերասանի առողջության հետ կապված չեն հետաձգվել թատրոնի՝ առաջիկա ներկայացումները, սակայն դրանք փոխարինվել են: Մասնավորապես, «Աբանամատ» ներկայացումը փոխարինվել է «Մոլագարով», քանի որ Սերգեյ Գրիգորյանն այնտեղ երեք դրվագներում առանցքային դեր ունի:
Ալեքսանդր Գրիգորյանն ի պատասխան հարցի, թե խոսե՞լ են Սերգեյ Գրիգորյանի հետ և նա միջադեպի հետ կապված ի՞նչ մանրամասներ է պատմել, ասել է. «Ничего не помнит: Նա ոչինչ չի հիշում»:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ սույն բենզալցակայանը պատկանում ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):
Կարդացեք նաև
Ոստիկանությունից այս պահին միջադեպի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում: