Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները, խոսելով իրենց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին, նշում են, որ դրանք սերտորեն առնչվում են արհմիություններին: Մշակույթի մարդիկ փաստում են, որ մեզանում «դե յուրե» կա մշակույթի աշխատողների արհմիութենական կոմիտե, իսկ «դե ֆակտո»՝ ոչ: Ասվածի հետ համակարծիք են մեզ հետ զրուցած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը եւ պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը:
Ռուբեն Բաբայանը նշեց, որ իր ղեկավարած թատրոնում գործում է արհմիութենական կոմիտեն, այնուամենայնիվ, այն չի կատարում իր դերը: «Օրինակ, մեծ ցանկության դեպքում ես կարող եմ աշխատողներիս իրավունքները ոտնահարող որոշումներ կայացնել… Ընդհանուր առմամբ, վերաբերմունքը պետք է փոխվի արհմիության հանդեպ: Թե չէ՝ ստացվում է, որ մեզ մոտ ամեն ինչ կախված է ղեկավարի քմահաճույքից: Արհմիությանը հակակշիռ որեւէ մարմին գոյություն չունի: Համոզված եմ, որ անհրաժեշտ է վերանայվի արհմիությունների կարգավիճակը: Դրանք պետք է դուրս գան մեծ հաշվով տոնածառի ու մարտի 8-ի առթիվ նվերներ բաժանողի կարգավիճակից ու հարաբերվելով ցանկացած հիմնարկի ղեկավարության հետ, հենց Մշակույթի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը ստեղծի իր անդամների հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ»,- հայտնեց պարոն Բաբայանը, հավելելով, թե միայն առաջին հայացքից է թվում, երբ, ասենք, տնօրինությունը չունի ընդդիմություն՝ հանձին արհմիության, ապա սեփական աշխատակիցների իրավունքներն աջուձախ ոտնահարվում են:
Ռուզան Սիրունյանի խոսքերով՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն շուրջ 15 տարի արհմիության հետ կապ չունի, սակայն վերջին ժամանակներս, անդամակցելու նպատակով, բանակցային գործընթացի մեջ են Մշակութային աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության հետ. «Իմ խորին համոզմամբ, անդամակցելը միայն օգտակար կլինի թե աշխատակիցների եւ թե տնօրինության համար»:
Կարդացեք նաև
Կամո Հովհաննիսյանը նշելով, թե իր ղեկավարած թատրոնում թեեւ գործում է արհմիութենական կոմիտե, սակայն ավելի քան համոզված է, որ աշխատողները դրա օգտակարությունն ու անհրաժեշտությունը չեն զգում: Հիշելով խորհրդային տարիներին գործող արհմիությունները, որոնք հոգում էին իրենց անդամների հանգստյան, տուրիստական ուղեւորության, առողջարանների եւ այլ հարցեր, պարոն Հովհաննիսյանը միանշանակ գտնում է, որ պետք է վերանայվի արհմիության դերը հասարակական կյանքում, պետք է յուրաքանչյուր աշխատող ինքը զգա դրա կարիքը. «Իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ արհմիությունը՝ որպես կազմակերպություն, հզորանա»:
Տիգրան Մխոյանն էլ ասում է, որ ինքը կատարում է նաեւ արհմիության դեր. «Ցանկացած խնդրի դեպքում վերադասիս առաջ պաշտպանում եմ աշխատողիս շահերը, փորձում ամեն կերպ աջակցել: Իսկ արհմիությանն անդամակցության հարցը պետք է լինի աշխատողների նախաձեռնությամբ: Ու եթե նրանք ցանկություն ունեն անսամբլի ներսում էլ ստեղծել կոմիտե, ես երկու ձեռքով կողմ կլինեմ»:
Ի դեպ, Ռուբեն Բաբայանն ու Տիգրան Մխոյանը հիշելով 2008թ. ԱՄՆ իրենց ուղեւորության մասին, հայտնեցին, թե տեղի թատրոնների ղեկավարությունը հաշվի է նստում դերասանական արհմիությունների հետ, մանրամասնելով, որ տեղի արհկոմիտեները պաշտպանելով արտիստների շահերը՝ միավորում են նրանց: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում արհմիությունների շնորհիվ պաշտպանված է նաեւ ադմինիստրացիան:
Մշակույթի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Ժանետա Թորոսյանին փոխանցելով մշակույթի աշխատողների կարծիքը, թե մեզանում իր ղեկավարած կազմակերպությունը «դե յուրե» կա, «դե ֆակտո»՝ ոչ, ստացանք հետեւյալ պատասխանը. «Մեր կազմակերպությանն անդամագրվելը կամավոր է եւ եթե մշակութային օջախների ղեկավարները կամ առանձին անհատ արվեստագետներ հարցեր ունեն, թող դիմեին ընդամենը 2 ամիս առաջ կայացած Մշակույթի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության 3-րդ համագումարին: Վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր չգիտեն նույնիսկ՝ իրենք արհմիության անդամ են, թե ոչ: Փորձը ցույց է տալիս, որ մեզ հիշում են միայն պրոբլեմ ունենալու դեպքում: Վստահեցնում եմ՝ արհմիությունը իր գործը կատարում է պատշաճ ու քաղաքակիրթ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ