Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալ դոնորները օրգան կվաճառե՞ն

Դեկտեմբեր 05,2012 13:27

Պրակտիկորեն հնարավոր է՝ կարծում է Մարդու իրավունքների պաշտպանը, բայց նորմալ վերահսկողության դեպքում դա կարելի է բացառել:

Դատապարտյալներն էլ այսուհետ կարող են իրենց մերձավոր ազգականների՝ ծնողի, զավակի, ամուսնու, քրոջ եւ եղբոր համար հյուսվածքի կամ օրգանի դոնոր դառնալ: Ազգային ժողովն արդեն ընդունել է «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին օրենքում» լրացումներն ու փոփոխությունները: Նախաձեռնությունն ու նպատակն, իհարկե, լավն են, եւ փաստորեն ազատազրկված անձինք էլ հնարավորություն ունեցան իրենց հարազատի կյանքը փրկել: Բայց եթե հաշվի առնենք, որ դոնոր դառնալուց հետո, ասենք, երիկամ տված անձին հատուկ առողջապահական ծառայություն եւ հիգիենիկ պայմաններ եւ հատուկ սնունդ են անհրաժեշտ, եւ եթե նաեւ հաշվի առնենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկների, մեղմ ասած՝ անմխիթար եւ անմարդկային պայմանները, ապա կարելի է ենթադրել, որ դոնոր-դատապարտյալների կյանքն էլ ավելի կվատթարանա:

Դոնոր դառնալուց հետո դատապարտյալը որոշ ժամանակ կմնա քաղաքացիական կլինիկայում: Իսկ կլինիկայից դուրս գրվելուց եւ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, ըստ օրենքի, կալանավայրի ղեկավարությունը պարտավորվում է դոնորին առաջին 2 շաբաթվա ընթացքում կենդանական սպիտակուցներով հարուստ սնունդ տրամադրել՝ համաձայն բուժող բժշկի կողմից նշանակված սննդակարգի:

Ու թեեւ դատապարտյալների համար սահմանված է սննդակարգ, իսկ հիվանդների համար այդ սննդակարգում 1-2 սնունդ է ընդամենն ավելացված, բայց այսօր էլ այդ հոգսը ազատազրկվածների հարազատների վրա է: Գրեթե ամեն օր քրեակատարողական հիմնարկներում մետրերի հասնող հերթեր են. դատապարտյալների հարազատները տասնյակ կիլոգրամներով սնունդ ու հիգիենայի պարագաներ են ուղարկում իրենց ազատազրկված հարազատին, հակառակ դեպքում, ինչպես հերթում կանգնածներն են պնդում՝ սովից կմեռնեն: Էլ չենք խոսում, որ տասնյակ ազատազրկվածներ ապրում են միեւնույն սենյակում՝ ոչ հիգիենիկ պայմաններում:

«Իսկապես, պայմանները բավարար չեն, ու դա ակնհայտ է, եւ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են իրականացնելու այդ օրենքը, բայց քանի որ Հայաստանում շատ օրենքներ այսպես առաջադեմ ընդունվում են, դրա իրականացումը թողնվում է տասնամյակների ընթացքում, դա պրակտիկա է դարձել»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքերով՝ «Իսկապես երաշխավորել այն դրույթները, որ դուք եք նշում, մենք չենք տեսնում, բայց միեւնույն ժամանակ դա ազատություն է տալիս կալանավորներին որոշակի որոշում կայացնելու, ինչը չի կարելի խոչընդոտել: Սակայն, ինչպես շատ հարցեր կալանավայրերում լուծում են կալանավորների հարազատների, ազգականների միջոցներով, երեւի նույն սկզբունքով էլ կարգավորվելու են այդ խնդիրները, բայց գոնե այս դեպքում իրենց կամքով է եւ ինչ-որ բարի նպատակով է արվում»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ մինչ օրենքի ընդունումը կարծիք էր հայտնել, որ այդ գործընթացը գուցե որպես բիզնես օգտագործվի. «Դա վտանգ է ներկայացնում պրակտիկայի տեսակետից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ շատ հաճախ այս կամ այն փաստաթուղթը ոչ պատշաճ ձեւակերպում է ստանում, այսինքն՝ փաստաթուղթ կկեղծվի, եւ այդ դեպքում տեղի կունենա օրենքի խախտում, եւ այդ գործընթացը կդիտարկվի որպես բիզնես: Պետք է նկատի ունենալ, որ օրգանների փոխպատվաստման միջոցով գումար հայթայթելու տարբերակին կալանավորը կդիմի ինչպես «ղումարում» տարվելու դեպքում, այնպես էլ պարտք ունենալու պարագայում: Այս տեսանկյունից, իհարկե, վտանգ կա, եթե պատշաճ վերահսկողություն չսահմանվի»:

Արդյոք հնարավոր կլինի՞ կեղծել, թե իբր ազգականին է անհրաժեշտ երիկամը, բայց իրականում դատապարտյալի երիկամը վաճառվի ոչ ազգականին՝ «Առավոտի» այս հարցին Կարեն Անդրեասյանն ասաց. «Պրակտիկորեն ամեն ինչն էլ հնարավոր է՝ կեղծիքների եւ կոռուպցիայի իմաստով: Միեւնույն ժամանակ էլ, եթե այդ մտայնությունից ելնելով ասենք՝ այսօր Հայաստանում ոչ մի օրենք չի ընդունվի, որովհետեւ բոլոր օրենքներն էլ կարելի է շրջանցել: Ես դեմ եմ նման ծայրահեղ մոտեցմանը, երբ փորձում են կոռուպցիոն երեւույթները բացառել միայն օրենքով: Կոռուպցիոն երեւույթները բացառելու համար պետք է խստացվի վերահսկողությունը, ոստիկանության, ներքին անվտանգության աշխատանքները, ոչ թե մտածել՝ ամեն օրենքի մեջ հնարավոր է կոռուպցիա»:

Նշենք, որ ըստ օրենքի, օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո 2, 6, 12 ամիս անց, հետո՝ տարին մեկ անգամ դոնորը պետք է որոշ լաբորատոր հետազոտությունների ենթարկվի, եւ եթե տվյալ քրեակատարողական հիմնարկում դա անհնար է, ապա դա պետք է իրականացվի համապատասխան քաղաքացիական կլինիկաներում: Օրինակ՝ արյան բիոքիմիական եւ ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն եւ ուլտրաձայնային հետազոտություն: Օրենքով, իհարկե, սահմանված է, թե ինչպես պետք է հետեւեն դոնորի առողջությանը, բայց եթե այսօր դատապարտյալն իր իրավունքները պաշտպանելու համար աչքերն ու բերանն է կարում կամ էլ մատն է կտրում, ապա չի բացառվում, որ հետագայում դոնոր-դատապարտյալներն էլ, ասենք՝ ուլտրաձայնային հետազոտության համար որեւէ ծայրահեղ քայլի դիմեն:

Նշենք, որ օրենքում փոփոխություններ կատարելու գաղափարը ծնվեց, երբ ցմահ դատապարտված Էմիլ Վերդյանի կինը երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն ուներ, սակայն, ըստ նախկին օրենքի, Վերդյանը, որքան էլ ցանկություն էր հայտնել, չէր կարող կնոջ համար դոնոր դառնալ: Օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն էլ եղել է մեկ այլ ցմահ ազատազրկված Էմիլի բանտակից ընկեր Մհեր Ենոքյանինը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31