Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ստիպված են համաձայնության եկել

Դեկտեմբեր 05,2012 13:24

Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի գնահատմամբ՝ համաձայնելով «Մարտի 1-ի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը մեկ տարով հետաձգելուն, ՀԱԿ-ը լուծեց իր ընտրազանգվածի պահպանման խնդիրը: Իսկ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը պարզապես ընտրել է չարյաց փոքրագույնը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ  երկու վերլուծաբանների «Դեմ առ դեմ» բանավեճից:

«Առավոտ»- Թեեւ «Մարտի 1»-ի գործով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի հետաձգումը թե ՀՀԿ-ի, թե ՀԱԿ-ի կողմից պայմանավորվեց այս փուլում հարցը քաղաքական շահարկումներից զերծ պահելու ցանկությամբ, այնուամենայնիվ՝ ո՞ր քաղաքական ուժին էր «Մարտի 1»-ի թեմայի ժամանակավոր փակումն ավելի ձեռնտու՝ ՀՀԿ-ի՞ն, ՀԱԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ին:

Լեւոն Շիրինյան- Նախ՝ ես ընդհանրապես վստահ չեմ, որ այդ հարցը հնարավոր է քաղաքական շահարկումից հեռու պահել: Առավելագույնը՝ այդ շահարկումը հնարավոր է զսպել: Բայց ես ոչ ուզում եմ դա ԲՀԿ-ի հետ կապել, ոչ Դաշնակցության, ոչ էլ «Ժառանգության», այսինքն՝ նրանց, ովքեր դուրս են այս համաձայնությունից: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ն ունեն իրենց հաշվարկը: ՀՀԿ-ի համար ակնհայտ է, որ եթե Հայաստանի քաղաքական իրականությունը մինչեւ նախագահական ընտրությունները մնա այսպես անհասկանալի, ձգձգվող վիճակում, շռնդոցով կհաղթեն-կվերջանա, եւ տեսակետ այլեւս չի փոխվի: Ուրեմն ՀՀԿ-ին ձեռնտու է հարցը հետաձգել մի տարով՝ քաղաքական իմաստով իրենց տեսակետի մեջ փոփոխություն չունենալով եւ շարունակելով պնդել, որ իրենք Մարտի 1-ի բացահայտման ամենաշահագրգիռ կողմն են՝ ինչպես նախօրեին պնդեց ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ինձ մոտ այն տպավորությունն է առաջացել, որ ՀԱԿ-ի քաղաքական ղեկավարության մեջ իրականությանը մոտիկ դիրքորոշումով կա եզրակացություն, որ իրենք ընտրազանգվածը կորցրել են եւ այլեւս ֆավորիտ չեն: Հետեւաբար, ՀԱԿ-ը խնդիր ունի նախագահական ընտրություններում որոշակի քանակով եւ որակով մտնել, եւ այս իմաստով նրանք, ովքեր շահագրգիռ են «Մարտի 1-ի» բացահայտման մեջ, այդ զանգվածը նորից իր հույսը կապված է պահելու ՀԱԿ-ի հետ, հետեւապես՝ շարունակելու է մնալ ՀԱԿ-ի ընտրազանգվածը: Այնպես որ՝ թե ՀՀԿ-ի, թե ՀԱԿ-ի հաշվարկն այս դեպքում իրատեսական է՝ յուրաքանչյուրի քաղաքական շահի տեսակետից:

Արմեն Բաղդասարյան- Ինձ թվում է՝ տեղի է ունեցել շատ պարզ բան. ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ոչ թե համաձայնության են եկել, այլ…  ավելի ճիշտ համաձայնության են եկել, բայց՝ ստիպված: Կոնգրեսի տեսանկյունից հարցը դրված է

ր այսպես. կամ հետաձգում են մեկ տարով, կամ ընդհանրապես դեմ են քվեարկում: Կոնգրեսն էլ ընտրել է չարյաց փոքրագույնը՝ որոշելով, որ ավելի լավ է հետաձգվի, քան քվեարկությամբ մերժվի: Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովին, ապա բոլորն էլ հասկանում են, որ «Մարտի 1-ը» բացահայտվելու է միայն իշխանափոխության դեպքում: Ընդ որում, խնդիրը բացահայտելը եւ մեղավորներին պատժելը չէ, որովհետեւ բոլորն էլ գիտեն՝ ով է մեղավոր, եւ դա Ռոբերտ Քոչարյանի ասած՝ «ուչաստկովիի» գործ է:

«Առավոտ»- Եթե, ինչպես Դուք եք պնդում, բոլորը եւ հատկապես ՀԱԿ-ը ի սկզբանե գիտեն, որ այս իշխանությունների օրոք հանձնաժողովը չի բացահայտելու Մարտի 1-ի իրողությունը, այդ դեպքում ինչո՞ւ է ձեռնամուխ լինում դրա ստեղծմանը:

Ա. Բ.- Որովհետեւ այդ հանձնաժողովը հարցեր կբարձրացնի: Այստեղ խնդիրը պարզելն է՝ արդյոք իրավապահ մարմինների գործողություններն իրավաչա՞փ էին, թե՞ ոչ:

Լ. Շ.- Դրանով գործընթաց կսկսվի, սա հիմա են ասում, որ դրանով հարցը կփակվի, ընդհակառակը՝ դրանով ամեն ինչ կսկսվի:

«Առավոտ»- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նախօրեին հայտարարեց, թե ՀՀԿ-ի կողմից այս հանձնաժողովի ստեղծման խոստումը ձեռքբերում է, քանի որ իշխանությունները ստիպված եղան իրենք իրենց հերքել՝ ընդունելով, որ «Մարտի 1-ի» էջը փակված չէ, ինչպես պնդում էին մինչ այդ: Որքանո՞վ է նման պնդումը հիմնավոր, եթե հաշվի առնենք այն, որ դեռեւս 2011-ի հունիսին, երբ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ին հանձնարարեց նոր թափով վերանայել գործի քննությունը, ըստ էության փաստվեց, որ իշխանությունները «Մարտի 1-ի» էջը փակված չեն համարում:

Ա. Բ.- Քաղաքական կուսակցությունները չէ, որ պետք է որոշեն՝ «Մարտի 1»-ի էջը փակված է, թե ոչ: Այդ գործողություններին մասնակցել է մի քանի հարյուր հազար մարդ, եւ դրա ծանրությունն իր վրա զգացել է Հայաստանի ողջ ժողովուրդը: «Մարտի 1»-ի էջը կարող է փակվել միայն այն դեպքում, եթե ներկայացվի ողջ ճշմարտությունը: Որեւէ հանձնաժողովով այդ էջը չի փակվելու, քանի դեռ չկան այդ ճշմարտությունը վեր հանող հարցերի պատասխանները:

«Առավոտ»- Լեւոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ իշխանությունները նահանջեցին այլ քաղաքական ուժերի հետ ձեւավորված միասնական ճակատի դեմ: Դուք տեսա՞ք այս հարցում ոչ իշխանական ուժերի միասնական ճակատ:

Լ. Շ.- Ես կարծում եմ՝ դա նրանց այդքան էլ շատ չի հետաքրքրում: Լեւոն Զուրաբյանը պարզապես իր ընտրազանգվածը պահեց մինչեւ նախագահական ընտրությունները:

Ա. Բ.- Ոնց որ թե այդ միասնական ճակատը ստեղծվեց, որովհետեւ ԲՀԿ-ն ասել էր, որ ամբողջ կազմով կողմ են քվեարկելու, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», Դաշնակցությունն էլ՝ նույնը: Դրա ապացույցն էր նաեւ այն, որ Դավիթ Հարությունյանի ներկայացրած պահանջներից մեկն այն էր, որ ստեղծվելիք հանձնաժողովում ոչ թե յուրաքանչյուր խմբակցությունից մեկական ներկայացուցիչ լինի, այլ հանձնաժողովի կեսը լինեն ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Այսինքն՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մի կողմում են, մնացած ուժերը՝ մյուս կողմում, այլապես պահանջն այդպիսին չէր լինի:

«Առավոտ»- ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի այս պայմանավորվածությունը ոմանք վերագրեցին միասնական թեկնածուի շուրջ տարվող բանակցություններում ՀԱԿ-ԲՀԿ հակասություններին:

Ա. Բ.- Ես չգիտեմ՝ այդպիսի քննարկումներ, բանակցություններ եղել են, թե չէ: Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես պիտի ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հանդես գան միասնական թեկնածուով: Ես դա համարյա անհավանական եմ համարում եւ չեմ կարծում, որ դա իսկապես լուրջ է: Ինձ թվում է՝ այլ մարտավարություն է այնտեղ եղել, ըստ որի՝ բոլորը պետք է հանդես գան սեփական թեկնածուներով եւ աշխատեն, որ լինի երկրորդ փուլ: Եվ ով անցնի երկրորդ փուլ, նա էլ դառնա ընդդիմության միասնական թեկնածուն: Այսինքն՝ ես կարծում եմ, որ միասնական թեկնածուի հարց էն գլխից էլ որեւէ մեկը լրջորեն չի քննարկել:

«Առավոտ»- Ձեր կանխատեսմամբ՝ ՀՀԿ-ն կպահի՞ իր խոստումը, եւ մեկ տարի հետո այդ հանձնաժողովը կձեւավորվի՞:

Ա. Բ.- Այո, կպահի:

Լ. Շ.- Կպահի, իհարկե, ինչ է եղել, էլի նույնը կլինի:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու վերլուծաբանների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31