Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին, «որ էլ մենաշնորհ չլինի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2012 13:15

Այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց «փախչել» մի խումբ լրագրողների «գործիքներից»: Բյուջեի քվեարկությունից նրա անհետանալու փորձը չստացվեց: Ստիպված «հանձնվեց»՝ դժգոհելով, որ «ես էդքանիդ հետո ո՞նց կարամ խոսամ»: Լրագրողները վստահեցրին, որ շատ տաղանդավոր եք, կարող եք: «Չէ՜, չէ, հիմա թարգել եմ էդ տաղանդները»:

Հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀԱԿ-ի նախաձեռնած հակամենաշնորհային փաթեթին, որը շուտով դրվելու է քվեարկության, օրինակ՝ շաքարավազի մենաշնորհի դեմ են պայքարելու՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Շաքար «Կոկա կոլան» էլ է բերում, «Պեպսի կոլան» էլ է բերում: Գնացեք նայեք»: Նա վստահեցրեց, որ շաքարավազի բիզնեսում մենաշնորհ ինքը չունի. «Ցավդ տանեմ, արտադրությունն է իմը, իմը զավոդ է աշխատում: Ես երկու տարուց ավելի է՝ չեմ ներկրում: Հումքն եմ բերում Բրազիլիայից, զավոդն աշխատացնում եմ: Հենց հիմա էլ կարաք նստեք, գնաք նայեք»:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ձեր խանութներում շաքարավազը այդպես գնդիկներով, խոնավացած՝ նա վստահեցրեց, որ նման բան չկա, հորդորեց հենց հիմա գնալ խանութներն ու նայել՝ կա՞, թե՞ չկա. «Հենց հիմա նստեք մաշնես՝ գնացեք նայեք»:

Ավելին՝ նա հայտնեց, որ շաքարավազի գներն իջնելու են. «որովհետեւ աշխարհում իջել է. «Իջավ, չտեսաք, 400 քանի դրամ էր, իջավ»: Լրագրողների հարցին, թե որքա՞ն է առաջիկայում իջնելու շաքարավազի գինը՝ պատգամավորը պատասխանեց. «Ես որ իմանայի մի 3 ամիս հետո ինչ կլինի՝ աշխարհի ամենահարուստ մարդը ես կլինեի»:

Եթե մեկ այլ անձ ցանկանա շաքարավազ կամ շաքարի հումք բերի կթողնե՞ք՝ հարցին նա պատասխանեց. «Թող բերի, ո՞վ ա խանգարում: Ո՞ւմ ենք խանգարել էսքան վախտ: Հիմա «Կոկա կոլան» բերում ա, «Պեպսի կոլան» բերում ա, ո՞ւմ ենք խանգարել: Ես հիմա 100 մլն-ից ավելի զավոդի վրա փող եմ դրել, աշխատացնում եմ: Եթե մարդկանց ձեռ չի տալիս պատրաստի շաքարավազը բերեն, ես ի՞նչ անեմ»:

Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ ինքը կողմ է, որ Հայաստանում չլինի մենաշնորհ: Վստահեցրեց նաեւ, որ ՀԱԿ-ի փաթեթին կողմ է քվեարկելու. «Հա, հա, որ էլ մենաշնորհ չլինի»,- ասաց ու ծիծաղը չկարողացավ զսպել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31