Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտքի վարկանիշը

Դեկտեմբեր 05,2012 13:13

Մեր մամուլում հաճախ է հնչում՝ մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, եւ նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը՝ դրանով իսկ վարկաբեկելով թե՛ այդ փաստաթուղթը եւ թե՛ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է: Կարծես թե, ամեն ինչ պարզ է: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ փորձելով արդարացնել իր անգրագետ գործընկերներին, պնդում է, որ 40-ն անց տարիքում դիպլոմ ստանալու ցանկությունը նրանց մեջ առաջացել է ոչ թե դրամապանակի եւ վզի հաստացմանը զուգահեռ, այլ պարզապես ուսման ծարավի հետեւանքով: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է. այդ «գործիչները» ոչ միայն ուսման ծարավ չեն, այլեւ արհամարհում են ուսումն ու գիտելիքը, կարծում են, որ դա տղամարդուն վայել չէ: Իսկական տղամարդը պետք է հսկայական «ջիպ» ունենա, բազմամարդ թիկնազոր, որը ժամանակ առ ժամանակ քացու տակ կգցի բոլոր նրանց, ովքեր իրենց կողմը թարս են նայում: Որոշ ընդդիմադիրներ գտնում են, որ այդ անգրագետների մեջ կան նաեւ առաջադեմ մարդիկ, որոնք Հայաստանում ժողովրդավարություն եւ լեգիտիմություն կհաստատեն: Դա, անշուշտ, «բարձր քաղաքականության» ոլորտից է, որը մենք՝ շարքային քաղաքացիներս, կարող ենք եւ չհասկանալ: Ինձ անձամբ հետաքրքիր է մարդու «մշակութաբանական տիպը», եւ այդ առումով պետք է, ցավոք սրտի, արձանագրեմ, որ կրթված մարդու կերպարը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ պահանջարկ է վայելում, իսկ «լավ տղունը»՝ ավելի շատ:

Ես չգիտեմ, թե ինչ է պահանջվում՝ իրավիճակը շտկելու համար. սերիալների կամ ընդհանրապես՝ հեռուստաեթերի մասին խոսակցությունները ես, ճիշտն ասած, բավականին մակերեսային եմ համարում: Որպեսզի հեռուստաընկերությունները քարոզեն ուսում, գիտելիք, ինտելեկտ, պետք է լինի այդ քարոզչության հայեցակարգ, ոչ թե պետական հրահանգ, այլ հասարակության կողմից ընդունված արժեքների համակարգ կամ, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել՝ տեսլական: Այս կամ այն բուհի ընդհանրացված նվաստացումը նույնպես լուրջ չեմ համարում: Պատմության անհաջող դասագրքի պատճառով ԵՊՀ-ն գետնին հավասարեցնելն արդար չէ: Սովետի օրոք էլ թողարկվում էին բազմաթիվ անհաջող դասագրքեր, սակայն նույն ժամանակահատվածում այնտեղ դասավանդում էին Լեւոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը, Ռաֆայել Պապայանը: Հիմա էլ կան հրաշալի դասախոսներ, որոնց աշխատանքը չի գնահատվում ոչ միայն նյութապես, այլեւ բարոյապես:

Բայց ամենակարեւորը, ինձ թվում է, մտավորականների դիմադրությունն է՝ ընդհանուր տգիտության միտումներին չենթարկվելը, տուրք չտալը: Սարսափելի է, երբ գիտությունների թեկնածուն տաքսի է քշում կամ վերնիսաժում թզբեհ է վաճառում: Սակայն ավելի սարսափելի է, երբ նա շարունակում է աշխատել ուսումնական հաստատությունում, բայց ձեռք է բերել հաստավզի հոգեբանություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31