Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ըստ այդմ, նախատեսվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը տարածել 1992 թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2012թ.-ի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:
2004թ. մարտի 1-ից գործող այս օրենքը հնարավորություն է ընձեռնում զինծառայությունից խուսափած քաղաքացիներին օրենքով սահմանված որոշակի գումար վճարելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում: Մինչ այժմ այս օրենքի շնորհիվ քրեական հետապնդումը դադարեցվել է շուրջ 14 350 ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Կարդացեք նաև
Նշենք, որ 18-ից մինչև 27 տարեկան բոլոր զորահավաքներից խուսափելու համար վճարի առավելագույն գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսված են նաև զեղչեր, մասնավորապես, եթե այդ ընթացքում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին սովորել է բուհում, կամ երկու երեխա է ունեցել, կամ ծնողներից մեկը հաշմանդամի կարգ ունի և այլն: