Օրեր առաջ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, նշել էր. «Սպասենք ևս տասը օր, և ամեն ինչ պարզ կդառնա: Բայց այն վարկածը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի և ՀԱԿ-ը նրա թեկնածությունը կպաշտպանի, մեծ հավանականություն ունի»:
Այդ հարցազրույցից անցել է տասն օր և ավելի, սակայն ԲՀԿ-ի որոշման հրապարակումը շարունակվում է ձգձգվել: Պարոն Բոզոյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ-ն ձգձգում է որոշումը և ներքաղաքական լարվածության աստիճանն այդպիսով բարձրացնում: Քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ, որ մոտ օրերս այդ որոշումը կլինի: Կարծում եմ, որ ձգձգման պատճառն այն է, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ՀՅԴ-ի միջև կոնսուլտացիաներ են գնում, փորձ է արվում միասնական ինչ-որ ընդհանուր որոշման գալ»:
Մեր այն դիտարկմանը, թե Գ. Ծառուկյանի բրյուսելյան այցը, կամ ԱՄՆ-ից «դաբրո» ստանալու հարցն այս ձգձգման մեջ իր դերակատարությունը չունի՞, պարոն Բոզոյանը պատասխանեց. «Այստեղ կողմնորոշման մասին չէ խոսքը, դրանք ուղղակի այցելություններ են: Այդպիսի այցեր ընդունված են, Բարոզուն էլ եկավ Հայաստան: Իհարկե, ամբողջը նախընտրական քարոզարշավի հետ կապ ունի, բայց ասել, որ համաձայնություն են ստանում, մի քիչ կոպիտ կլինի, քանի որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ոչ մի քաղաքական գործիչ էլ այդպես համաձայնություն չի ստանում: Դա վիրավորական է և իշխանության, և ընդդիմության համար»:
Կարդացեք նաև
Եր. Բոզոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հանդես գան միասնական թեկնածուով: Նա պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ