Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատրաստվում է ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ

Դեկտեմբեր 05,2012 11:51

Եվ այսպես՝ նախընտրական հիմնական բլեֆն արդեն հայտնի է. մինչեւ 2025թ. հայրենի կառավարությունը պատրաստվում է ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ։ Այդ մասին երեկ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ կառավարությունը մշակել է «կայուն զարգացման նոր ծրագիր»։

Թե իր վարչապետության հինգ տարիների ընթացքում քանի նման ծրագիր, ռազմավարություն ու հայեցակարգ է մշակել Տիգրան Սարգսյանը, դժվար է ասել, սակայն դրանցից հատկապես մի քանիսը՝ Գյումրին «նավահանգստային կենտրոն», Դիլիջանը՝ տարածաշրջանային Դավոս, իսկ Ջերմուկն էլ՝ երկրորդ Կուրշավեյլ դարձնելու ուտոպիկ զառանցանքները հանրությունը դեռ չի մոռացել։ Այնպես որ, այս հերթական «ծրագրի» մասին դատողություններ անելիս արդեն իսկ պետք է հաշվի առնել Տիգրան Սարգսյանի մտքի անզուսպ թռիչքն ու անսպառ երեւակայությունը։

Ընդ որում, կոնկրետ այս՝ 250 հազար աշխատատեղերի ծրագրի դեպքում, դա առավել քան անհրաժեշտ է, քանի որ եթե կառավարությունն ի վերջո իրականացնի այս ծրագիրը, ապա, փաստորեն, մինչեւ 2025 թվականը պետք է Հայաստան ներգաղթեն շուրջ 170 հազար սփյուռքահայ կամ օտարերկրացի գործազուրկներ։

Բանն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում այսօր կա ընդամենը 80 հազար գործազուրկ, հետեւաբար, նրանց աշխատանքի տեղավորման հարցը լուծելով՝ կառավարությունը ստիպված պետք է ձեռնամուխ լինի «Արի՛ գործի» նոր ծրագրի իրականացմանը, որպեսզի կարողանա ապահովել 250 հազար աշխատատեղի պահանջարկ։ Աբսո՞ւրդ է։ Ոչ ավելի, քան Տիգրան Սարգսյանի վերը նշված մնացած ծրագրերը։

Սակայն եթե փորձենք մի պահ, այնուամենայնիվ, լուրջ ընդունել Տիգրան Սարգսյանի ներկայացրած թվերը, ապա ստացվում է, որ 2014–2025թթ. ընթացքում կառավարությունը պետք է ստեղծի 240 հազար աշխատատեղ, քանի որ մնացած 10 հազարը, ինչպես արդեն գիտենք, ստեղծվելու է հաջորդ տարի։ Եվ ստացվում է, որ ըստ կառավարության 2012-2017թթ. ծրագրի՝ 2014-201 7թթ.՝այսինքն չորս տարվա ընթացքում, ստեղծվելու է 90 հազար աշխատատեղ, իսկ ահա հաջորդող՝ 2018–2025թթ.՝ այսինքն՝ 8 տարվա ընթացքում, կառավարությունը ստեղծելու է ընդամենը 150 հազար աշխատատեղ։ Եթե 150 հազարը բաժանում ենք 2-ի, ստացվում է 75 հազար, այսինքն՝ կառավարությունը գնալով ավելի վատ է աշխատելու ու ավելի քիչ աշխատատեղեր է բացելու։ Բայց դա, վստահաբար, այս պահին Տիգրան Սարգսյանին այնքան էլ չի հուզում, մանավանդ որ դժվար թե շատերը խորանան նման հաշվարկների մեջ, կարեւորն այն է՝ որ ներկայացված 250 հազարը լավ է հնչում։ Եւ հետո, մինչեւ 2025 թիվն ով մեռնի, ով կենդանի մնա։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31