Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծարարի և քաղաքացու նույնականացումը

Դեկտեմբեր 05,2012 11:14

Մի քանի օր առաջ լրատվամիջոցները գրեցին մի երիտասարդի՝ Մհեր Խաչատրյանի մասին, որին Նոր Նորքի ոստիկանության բաժնում խոշտանգել են։ Դատախազությունը լուրջ ուշադրության չարժանացրեց փաստը։ Հասարակությունը՝ նույնպես։ Կիրակի Ավանում տեղի ունեցան ընտրություններ։ ՀՀԿ անհայտ թեկնածուն հաղթեց ամենահեղինակավոր թեկնածուի վարկանիշով՝ 80 տոկոս։ Հասարակությունն այս դեպքում նույնպես լռեց։ Այսինքն՝ ապօրինության դեմ դիմադրողականությունը հասարակությունն արդեն արտահայտում է «աջ քաշվելով»։

Մենք ըստ էության ոչինչ չենք ասում այն մասին, որ ժողովուրդը երկիրը հանձնել է։ ՀՀԿ-ի միահեծանությունն այլևս չի սարսափեցնում։ Նույնիսկ չի խոսվում, որ ինչ-որ բան պիտի արվի։ Որովհետև ժողովուրդն իրեն այլևս գործոն չի համարում։ Այսինքն՝ ինքը, ցանկացած պայքարի հետևակ լինելով, կորցրել է պայքարի դաշտը։ Ինքը կռիվ չի տեսնում՝ չդադարելով աչքի առաջ ունենալ հակամարտությունը։ Այսպիսով՝ երկրի ներսում ամեն ինչ բերեց ու նմանեցվեց Ղարաբաղի խնդրին՝ պրոբլեմը կա, հակամարտությունը կա, լուծումը չկա։ Կան փոքրիկ փոխհրաձգություններ, որոնք սադրանքի գին ունեն։ Այսպիսով՝ ժողովուրդը գործոն չէ։ Որովհետև ինքը երկիրը չի ընկալում իբրև իրեն վերաբերող օրգանիզմ։ Իշխանությանը չի տեսնում այդ օրգանիզմի մեջ։ Ժողովուրդը մտածում է, թե ամենքն այստեղ ապրում են իրենց հայտնի եղանակներով, և այդ եղանակների անարդյունավետությունը յուրաքանչյուրին նոր լուծումներ է առաջարկում։ Ասենք՝ շարքային քաղաքացիներն արտագաղթում են, իսկ իշխանությունը գնում է Մոսկվա ու Բրյուսել վստահության նոր պաշարի հետևից։

Բայց ահա, թե որտեղ է խնդիրը։ Երբ ոստիկանությունում մարդ են խոշտանգում, հասարակությունը ոչ թե իր վերաբերմունքն արտահայտում է Սահմանադրություն ունեցող պետության քաղաքացի լինելու տեսլականով, այլ խաշ-խորովածի սեղանի շուրջ լսած բամբասանքին տրված վերաբերմունքի մակարդակով։ Երբ ամբողջ հինգ տարի սովի ու անզորության մեջ ապրած գավառացին ընտրությունների օրը քվեատեղամաս գնալուց առաջ հինգ հազար դրամ է վերցնում քվեարկելու համար, նա իր աչքի առաջ ունի երեխայի համար արվելիք ծախսերը։ Ինքը չի մտածում, թե քվե չծախելը նրան կարող է դարձնել մի քաղաքացի, որի համար իշխանությունները ստիպված կլինեն շատ բան անել օրենքի շրջանակներում, նա մտածում է աշխարհի վերջին դեմ դիմաց կանգնածի մենթալիտետով։ Ընդ որում՝ 5 հազ. դրամը սրում է այդ մենթալիտետը։ «Աստծուն փառք, որ էս 5 հազ. դրամն էլ պոկեցի»,– ահա ամբողջը, ինչ մտածում է անկախ Հայաստանի քաղաքացին։ Նա արժեքներ է սարքում իրեն արժեզրկող իշխանության առաջարկածով, դա կարող է լինել մի կտոր հացը, երեխայի մանկապարտեզի համար գնված աթոռները։ Այ երբ, այդ աթոռների դիմաց քաղաքացուց կպահանջեն բազմաթիվ մանր ծառայություններ, քաղաքացին այլևս չի հասցնի շփոթվել, որովհետև մինչ այդ չի հասցրել արժևորել իշխանության արածը։ Չի հասցրել մտածել՝ ինչ ընդհանուր բան կա այդ բարեգործության և իր աղքատության միջև, բարեգործի անհոգ անկրթության և իր մի քանի ԲՈՒՀ ավարտելու հաջողված ջանքերի միջև։ Քաղաքացին անօրինության մեջ ոչինչ արժևորելու պատճառ չունի, նա արդեն անօրինության հոսանքի ներկայացուցիչն է։ Հայաստանի քաղաքացին ինքն իրեն ձախողելուց հետո չի կարող մեղադրականներ գտնել իր համար։ Ուստի երբ լսում է, որ ոստիկանությունում մարդ են խոշտանգել, հասկանում է, որ մեղադրանքի «գենը» մեռել է, այն վերածվել է ինքնաբացակայության գենի։ Ինքն ավելի շուտ զարմանում է՝ դա ինչ կապ ունի իր հետ։ Որովհետև չի կարող մտածել, որ իրեն արժեզրկել են, հետո սկսել են ուրիշին խոշտանգել։ Որովհետև արժեզրկումից հետո արդեն ի՞նչ կարևոր է՝ ընտրությունները կեղծում եմ քո ներկայությամբ, թե քո թիկունքում, սպանում եմ քեզ, թե ուրիշին։ Քաղաքացին հարցեր չունի։ Ահա թե ինչպես են նույնանում մի քանի ԲՈՒՀ ավարտելու հաջողված ջանքեր գործադրած մարդն ու անհոգ անգրագիտությամբ աչքի ընկած ընտրակեղծարարը։ Իշխանությունը հաղթում է, երբ սրանք դառնում են նույն մարդը։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31