Լրահոս
Օրվա լրահոսը

«Էպիզոդիկ» անախորժությունները ԲՀԿ-ՀԱԿ հարաբերություններին վնաս չեն

Դեկտեմբեր 05,2012 10:57

Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն բավական կտրուկ արձագանքեց ՀԱԿ-ի «դավաճանական քայլին»՝ «Մարտի 1»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության շուրջ ՀՀԿ-ՀԱԿ համաձայնությանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ՀԱԿ «միասնական օրակարգն» այլեւս սպառված է։
Մեր հարցերին պատասխանում են ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները։

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
(ԲՀԿ)
-Երեկվա ձեր կոշտ գնահատականներից կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀԿ-ՀԱԿ «սեպարատ» համաձայնությունը հարցականի տակ է դնում ԲՀԿ-ՀԱԿ հետագա համագործակցությունը։
-ԲՀԿ-ի հարաբերությունները ցանկացած քաղաքական ուժի հետ ցանկացած ժամանակահատվածում, այդ թվում ՀԱԿ-ի հետ՝ այս ժամանակահատվածում, չեն կարող պայմանավորված լինել էպիզոդիկ երեւույթներով, այս կամ այն կուսակցությունը ներկայացնող որեւէ անհատի անհատական պահվածքով կամ դրսեւորումներով։
Որեւէ քաղաքական ուժի հետ մեր համագործակցությունը պայմանավորված է այն նպատակներով, խնդիրներով, որ, մեր համոզմամբ, երկիրը կարող են հանել առաջընթացի եւ զարգացման նոր փուլ, ժողովրդանպաստ լուծումներ առաջարկել հասարակության առջեւ կանգնած տարաբնույթ խնդիրներին։
Սա՛ է համագործակցության առանցքը ցանկացած դեպքում եւ մասնավորապես այս պարագայում. որեւէ այլ բան չի կարող դրված լինել քաղաքական ուժի հետ մեր համագործակցության հիմքում, իհարկե, եթե չկան լրջագույն սկզբունքային հակասություններ ամենաառանցքային հարցերի վերաբերյալ։ Այնպես որ, չեմ կարծում, թե տեղի ունեցածը կարող է խոչընդոտել կարեւորագույն նպատակների իրականացմանն ուղղված ջանքերի համադրման ուղիների փնտրտուքին, որովհետեւ դեռ որեւէ ուրվագծված միասնական կուրս էլ չկա։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀԱԿ համաձայնությանը, այդպես էլ չհասկացա՝ դա ՀԱԿ խմբակցությա՞ն, թե՞ իրենց ներկայացուցչի որոշումն էր, որ տեղում ընդունվեց եւ անմիջապես հրապարակվեց։
-ՀԱԿ-ը ժամանակին լուրջ մեղադրանքներ ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին՝ հրապարակեց մարտիմեկյան «ապստամբությունը» ճնշելու նպատակով ՊՆ-ից զինվորական համազգեստ ստացած բարձաստիճան պաշտոնյաների եւ «օլիգարխների» մի ցուցակ, որտեղ նշված էր նաեւ Գ.Ծառուկյանի անունը։ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցակցությունը, հատկապես «Մարտի 1»-ի «բացահայտման» հարցում այդ առումով խնդրահարույց չէ՞։
-Անսխալական մարդ չկա՝ բոլորը իրավունք ունեն սխալվելու եւ իրենց սխալները շտկելու։ Մեր աջակցությունը ՀԱԿ-ի նախաձեռնությանը ինքնանպատակ չէր՝ պարզ եւ թափանցիկ քայլ էր, որի նպատակն էր հնարավորություն ստեղծել՝ դիտարկելու, քննարկելու եւ հնարավորինս օժանդակելու հանրությանը հուզող անպատասխան հարցերի պարզաբանմանը։
-Ինչպե՞ս եք վերաբերվում մեկնաբանություններին, թե Գ.Ծառուկյանը գնացել է Բրյուսել՝ իր թեկնածությունն առաջադրելուց առաջ Եվրոպայի «դաբրոն» ստանալու ակնկալիքով։
-ԲՀԿ-ն մշտապես վարել է լրջագույն արտաքին քաղաքականություն տարբեր ուղղություններով։ Մենք կարեւորում ենք հարաբերությունները թե՛ Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների, թե՛ եվրոպական երկրների, թե՛ Միացյալ Նահանգների հետ, բոլոր այդ ուղղություններով անընդմեջ աշխատում ենք, պարբերաբար ակտիվացնում ենք շփումները արտաքին գործընկերների հետ՝ կախված պահի թելադրանքից, եւ որեւէ մեկի «դաբրոն» ստանալու խնդիր չունենք։
-Այսինքն՝ Գ.Ծառուկյանի որոշումը, որին անհամբեր սպասում են քաղաքական որոշ շրջանակներ, կախված չէ բրյուսելյան այցի արդյունքներից։
-Ո՛չ։ Իհա՛րկե ոչ, ո՛չ եւ դարձյալ ո՛չ։ Գագիկ Ծառուկյանի որոշումը կարող է կախված լինել միայն ժողովրդի ցանկությունից եւ սեփական հայեցողությունից։

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
(ՀԱԿ)
-Հանրության, այդ թվում՝ ԲՀԿ ձեր գործընկերների համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ժամանակավոր հանձնաժողովի շուրջ ՀՀԿ-ՀԱԿ համաձայնությունը խմբակցությա՞ն որոշումն էր, թե՞ Գագիկ Ջհանգիրյանի։
-Այդ հարցին պետք է իսկապես վերջակետ դնել։ Մենք կանգնած էինք ընտրության առաջ. կա՛մ պետք է հանձնաժողովի ստեղծման նախագիծը դնեինք քվեարկության, եւ հանրապետականները, ինչպես նախապես հայտարարել էին, քվեարկությամբ մերժեին նախագիծը, դրանով իսկ հանելով «Մարտի 1»-ի հարցը շրջանառությունից, կա՛մ պետք է անեինք այն, ինչ արվեց։
Այսինքն՝ օգտագործելով այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի աջակցությունը, այնպիսի ճնշում գործադրեինք ՀՀԿ-ի վրա, որ իրենք, տեսնելով, որ ստեղծվում է քաղաքական նոր իրավիճակ՝ իրենք հայտնվում են մեկուսացման մեջ, ստիպված լինեին առաջարկել ինչ-որ լուծում՝ փաստելով, որ նահանջում են անցյալում արտահայտած իրենց տեսակետից՝ որ «Մարտի 1»-ի էջը փակված է։ Կարծում եմ, դա ամենաճշգրիտ քայլն էր, որ կարող էինք անել ստեղծված իրավիճակում։
-ԲՀԿ-ն նյարդային արձագանքեց ձեր քայլին. այդ որոշումը չի՞ վտանգում «Բարգավաճի» հետ հետագա երկխոսությունը։
-ԲՀԿ-ի հետ մենք որեւէ խնդիր այդ առումով չունենք։
-Ժամանակին ՀԱԿ-ը հրապարակեց մարտիմեկյան «ապստամբությունը» ճնշելու նպատակով ՊՆ-ից ռազմական նշանակության «ատրիբուտներ» ստացած բարձրաստիճան պաշտոնյաների եւ «օլիգարխների» սեւ ցուցակը, որտեղ նշված էր նաեւ ԲՀԿ առաջնորդի անունը։ Ինչպե՞ս հասկանալ, որ այսօր համագործակցում եք նույն ԲՀԿ-ի հետ, այն էլ՝ «Մարտի 1»-ի բացահայտման հարցում։
-Խոսքը այն փաստաթղթի մասին է, որը մենք փոխանցել էինք փաստահավաք խմբին։ Դա մի փաստաթուղթ էր, որ մեր ձեռքն էր ընկել ՊՆ պահեստներից մեկից, եւ այդ փաստաթղթում նշված էր, որ 9 անձ համազգեստ է ստացել ՊՆ պահեստից։ Մենք փոխանցեցինք այդ փաստաթուղթը փաստահավաք խմբին, որպեսզի ստուգվեն փաստաթղթում նշված փաստերը։
Սակայն երբ փաստահավաք խումբը գնաց ՊՆ պահեստ, պաշտպանության նախարարը, Ս.Սարգսյանի հրամանագիրը խախտելով, արգելեց նրանց մուտքը այդ պահեստ (հիշեցնենք, որ ՊՆ խոսնակը հիմնավորել է արգելքը՝ ասելով, որ ամեն ինչ եղել է օրենքի շրջանակում.-Լ.Պ.)։ Այնպես որ՝ ցավոք սրտի, որեւէ բան չհաջողվեց պարզել հենց Ս.Սարգսյանի ռեժիմի կողմից կազմակերպված կոծկման, պարտակման ջանքերի պատճառով։ Ուրեմն պատասխանը նրանից է պետք պահանջել։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի շարունակել այդ հետաքննությունը։

 

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31