Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ասելի՞ք ունի

Դեկտեմբեր 05,2012 10:36

Մայիսյան ընտրություններին հաջորդած վեց ամիսների ընթացքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակը երանավետ հանգստի մեջ էր, իրեն լիովին ազատել էր միտինգների ժամանակացույց կազմելու պատասխանատու գործից:
Սեպտեմբերին նախատեսված միտինգը տեղի չունեցավ, իսկ դրա հետաձգման պատճառաբանությունը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գրպանում էր: Ի պատասխան հետաքրքրասերների, թե ինչու կոնգրեսը միտինգ չի անում, Զուրաբյանն ասում էր. «Երբ ասելիք կունենանք, այն ժամանակ էլ կանենք»:
Բացի դրանից, նա ժամանակ առ ժամանակ կրկնում էր նույն բանը. Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, քանի որ դեռ քննարկում է 2013-ի ընտրություններին իր մասնակցության հարցը:
Երեկ վերջապես ՀԱԿ-ից «լավ խաբար» ստացանք: Զուրաբյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միտինգ են անցկացնելու Ազատության հրապարակում:
ՀԱԿ համակարգողի տեղեկացմամբ՝ միտինգային ելույթների առումով թեմատիկ սահմանափակում չի լինելու, իսկ թե այդ օրը հարթակում տեսնելո՞ւ ենք Տեր-Պետրոսյանին, թե՞ ոչ, այդ մասին ոչինչ չասաց:
Երեկ, ի դեպ, տեւական ինքնամեկուսացումից հետո ՀԱԿ առաջնորդը «մարդամեջ» դուրս եկավ. դուրս եկավ իր սեւ դղյակից եւ ուղեւորվեց դեպի Կամերային երաժշտության տուն՝ մասնակցելու Կ.Դեմիրճյանին նվիրված գրքի շնորհանդեսին:
Ինչեւէ, պետք է ենթադրել, որ ՀԱԿ-ի դրսեւորած այս «քաղաքական խիզախությունը»` միտինգի մասին լուրը, ոգեւորությամբ են ընդունել անորոշությունից հալումաշ եղած ակտիվիստները, քանզի նրանք մինչեւ Նոր տարի միտինգ տեսնելու հույսն արդեն կորցրել էին: Բնականաբար ոգեւորված են նաեւ ՀԱԿ քաղխորհրդի անդամները, հատկապես ՀԱԿ-ում դեռեւս մնացած այն ուժերի ղեկավարները, որոնց երկար ժամանակ անհասկանալի է մնում կոնգրեսի ղեկավարության, մասնավորապես Տեր-Պետրոսյանի եւ Զուրաբյանի որդեգրած մարտավարությունը:
Իսկ ահա երկուշաբթի օրը վերջապես կոնգրեսի անտեղյակ անդամները հնարավորություն կունենան լսել «թեմատիկ սահմանափակումներից» զերծ ելույթները եւ հավանաբար կփորձեն հասկանալ, թե ուր են իրենց տանում Տեր-Պետրոսյանն ու Զուրաբյանը:
Եթե ՀԱԿ առաջնորդը մասնակցի միտինգին, բնականաբար պետք է հրապարակի իր որոշումը առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափի, ավելի կոնկրետ՝ իր թեկնածության առաջադրելու կամ չառաջադրելու մասին:
Ոմանք արդեն ընկել են գուշակությունների գիրկը, ասում են, որ միտինգին Տեր-Պետրոսյանի ներկայությունը քիչ հավանական է: Պատճառներ են նշում, թե օրը երկուշաբթի է, աշխատանքային է, ժամը այն չէ, ցերեկն է՝ 13:00-ին… ուրեմն նա չի մասնակցի: Կարծես ՀԱԿ-ը երբեւէ հանգստյան օրերին միտինգ է արել: Նրա միտինգները հիմնականում եղել են ուրբաթ օրերին, դե իսկ ժամը նորմալ է. ձմռանը, ի՞նչ է, երեկոյա՞ն պետք է անեին:
Նկատենք նաեւ, որ երկիրը ընկղմվում է նախատոնական օրերի հորձանուտի մեջ, եւ ՀԱԿ-ը հազիվ թե դեկտեմբերի 10-ից հետո եւս որոշի միտինգ կազմակերպել: Այնպես որ երկուշաբթի օրվա միտինգով, ամենայն հավանականությամբ կբացեն ու կփակեն «աշնանային հանրահավաքային սեզոնը»:
Իսկ եթե տեղի է ունենում տարվա վերջին միտինգը, ապա դրան բնականաբար պետք է մասնակցի կիսամյակային լռություն պահպանող ՀԱԿ առաջնորդը: Եթե, իհարկե, ցանկանում է պահպանել ակտիվիստների վերջին «դասակը», ապա պետք է ներկա լինի:
Դեկտեմբերը, ինչպես հայտնի է, համագումարների ամիս է, որի ընթացքում քաղաքական դաշտում դերակատարություն ունեցող բոլոր կուսակցությունները կամ գրեթե բոլոր ուժերը իրենց համագումարներն են հրավիրելու:
Դե, ահա, դեկտեմբերի 10-ի միտինգն էլ կարող է նրա «համագումարը» լինել, որի ժամանակ չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանը հրապարակի իր որոշումը:
Այլ պարագայում ի՞նչ «ասելիք», պետք է փոխանցի ՀԱԿ-ը միտինգավորներին, որոնց Տեր-Պետրոսյանի որոշումից բացի այլ բան չի հետաքրքրում: Ի՞նչ է, ՀԱԿ խմբակցության անդամները հո չե՞ն պատրաստվում իրենց «թեմատիկ» ելույթներով հասնել նրան, որ արագ հրապարակը դատարկվի, եւ երթին այլեւս մարդ չմնա:
Թեպետ ով գիտե, գուցե ՀԱԿ-ի պատգամավորները նաեւ իրենց օրենսդրական գործունեության ընթացքում գործած «սխրանքների» մասին պատմեն: Ասենք, թե ինչպես վարչախումբը տապալեց իրենց նախաձեռնութամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, կամ տեղեկացնեն իրենց «հաղթանակի» մասին, երբ համաձայնության եկան խորհրդարանական մեծամասնության հետ եւ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը հետաձգեցին մեկ տարով:
Բնականաբար ցանկություն կունենան անդրադառնալու նաեւ քաղաքական կոնսուլտացիաներին, ինչը եւս անցած շրջանում որպես պատրվակ էին բերում ասելու, թե ինչու միտինգ չեն անում:
Բայց ասել, թե դրանք շարունակվում են, իհարկե չեն կարող, քանի որ ընդդիմադիր ուժերի միջեւ բանակցություններ այլեւս չկան:
Հայտնի չեն նաեւ դրանց արդյունքները: Ավելի ճիշտ, հայտնի են այնքանով, որ ՀԱԿ-ի եւ գործընկերների միջեւ հակասություններ ու տարաձայնություններ կան միասնական քաղաքական օրակարգի ձեւավորման հարցում:
Ըստ էության, կարելի է այդ բանակցությունները ավարտված համարել: Տեր-Պետրոսյանին էլ թերեւս մնում է ամփոփել քաղաքական կոնսուլտացիաների արդյունքները եւ հրապարակել իր որոշումը:

Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31