Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ զորակոչիկները ստիպված են Սյունիքից հասնել մայրաքաղաք` հետազոտվելու համար

Դեկտեմբեր 04,2012 23:42

Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատները 2012թ.-ի հունվարի 1-ից մինչեւ օրս պայմանագրային հիմունքներով ծառայության են ընդունել 392 զինապարտի: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:  Մարզի զինկոմիսարիատների կոմից կատարված այս եւ այլ աշխատանքների եւ առկա մի շարք խնդիրների մասին այսօր Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ զեկուցեց Գորիսի զինվորական կոմիսար Մելիքսեթ Պողոսյանը: Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` զինկոմը նշեց, որ որոշ դժվարություններ կան զինակոչիկներին տրվող  ոչ բավարար ճանապարհածախսի,  բուժհաստատություններում նրանց  հետազոտման, հերթերի գոյացման եւ մի շարք այլ հարցերի հետ կապված:  «Զինակոչիկներին տրվող ճանապարհածախսը չի համապատասխանում արդի պայմաններին:Եթե նախկինում զորակոչի ժամանակ զինակոչիկները փորձաքննվում էին թվով 36 քաղաքացիական բուժհաստատություններում, ապա այս զորակոչին` 12-ում, ինչը պատճառ է հանդիսացել հսկայական հերթերի կուտակմանը: Բուժհիմնարկներում իրականացվող Հոլթեր հետազոտությունը նույնպես ավելորդ  բարդություն է  առաջացնում զինակոչիկների մոտ: Այդ հետազոտությունն անցնելու համար զորակոչիկները հերթագրվում են, վերադառնում բնակության վայր եւ նշված օրը պարտավոր են նշված ժամին ներկայանալ բուժհիմնարկություն:  Երկրորդ անգամ ներկայանալու համար ճանապարհածախս չի տրվում, ինչը դժգոհությունների առիթ է հանդիսանում զինակոչիկների եւ նրանց ծնողների շրջանում», – տեղեկացրեց նա:

Ըստ Մելիքսեթ Պողոսյանի, ի տարբերություն 2012թ.-ի գարնանային զորակոչի, երբ հնարավոր էր լինում որոշ հիվանդություններ հետազոտել Կապանի եւ Գորիսի բուժհիմնարկներում, այս զորակոչին տվյալ բազաները հանվել են:  Մանկուց հաշմանդամ, վերջույթի բացակայությամբ կամ տեսողական խնդիրներով տառապող զինակոչիկն այսուհետ պետք է ուղեգրվի մայրաքաղաքում ստացիոնար բժշկական հետազոտում անցնելու համար: Զինվորական կոմիսարը մարզխորհրդի նիստի ժամանակ դիմեց Սյունիքի մարզպետին, որպեսզի նրա միջնորդությամբ առողջապահության նախարարությունից համապատասխան թույլտվություն ստանա, որ գոնե հաշմանդամ զորակոչիկները մարզի բուժհիմնարկներում հետազոտվելու հնարավորություն ունենան:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31