Դեկտեմբերի 4-ին Բերդ քաղաքում կայացած դատական նիստում դատախազը պահանջել է Բերդի բնակիչ, 1983թ. ծնված Էդուարդ Քոսակյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Դատական հաջորդ նիստում, որը կկայանա դեկտեմբերի 18-ին, Է. Քոսակյանի պաշտպանը հանդես կգա պաշտպանական ճառով:
Այս դատավարությունը ընթանում է 2012թ. օգոստոսի 14-ից: Էդուարդ Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված անձանց հետ, որից հետո մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքում գտնվող, Սերյոժա Մեջլումյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-կրպակ եւ հափշտակել տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ:Բացի այդ, նա մեղադրվում է այն բանում, որ 2010թ. սեպտեմբերի 17-ին ապօրինի ձեռք է բերել եւ բնակարանում պահել ինքնաձիգի 104 հատ փամփուշտ: Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի գողություն) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զինամթերք պահել): Ամբաստանյալ, նախկինում չդատված Է. Քոսակյանը դատարանում պնդում է, որ ինքը ոսկեղենի գողություն չի կատարել, ոստիկաններն «իր գլխին սարքել են»: Նա նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հրաժարվել դրանցից, հեռացել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հայտնաբերվել եւ բերվել է Հայաստան: Սույն քրեական գործի նախաքննությամբ գողացված 20 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերը չեն հայտնաբերվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ