Դուք պայքարում եք ստվերի դեմ, մենաշնորհների դեմ եւ մտադիր եք քվեարկության դնել հակամենաշնորհային փաթեթ՝ ակնկալելով ստանալ նաեւ ԲՀԿ-ի աջակցությունը: Բայց մենք հիշում ենք Ռոզա Ծառուկյանի հայտնի հարցազրույցը՝ հարկերի ու բաշարելու հետ կապված, «լավ ենք անում հարկ չենք վճարում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում»: Այս առումով լուրջ հակասություններ չունի՞ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ՝ իր մոտեցումներով: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Լսեք, մենք ունենք մեր սկզբունքները: Ով ունի հակասություն մեր սկզբունքների հետ՝ թող ունենա»: Մեր հարցին՝ դա չի՞ խանգարում ձեր ընդհանուր գործին, դուք ոտք եք մեկնում ԲՀԿ-ի հետ, որը հարկեր տալու հետ կապված ունի բաշարելու մոտեցում, նա պատասխանեց. «Որեւէ քաղաքական ուժի հետ մեր համագործակցության ամբողջ բովանդակությունը պարզ ներկայացնում ենք հասարակությանը»:
Մեր դիտարկմանը՝ միայն ռեժիմից ազատվե՞լը, բայց թե դրանից հետո ինչ կլինի ձեզ չի՞ հետաքրքրում, կարող է ավելի վատ է լինում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Միայն ռեժիմից ազատվելը չի: Օրինակ, ընդդիմության սահմանադրական իրավունքը վերականգնելը Սահմանադրական դատարանում, դա դուք համարում եք սխա՞լ նպատակ: Դա ազնի՞վ նպատակ է: Եթե մենք ստանում ենք համագործակցություն նոր քաղաքական ուժերի հետ, ստանում ենք աջակցություն՝ այդ նպատակի իրականացման համար, որեւէ անազնիվ բան տեսնո՞ւմ եք այդտեղ»: Մեր դիտարկմանը՝ չենք տեսնում անազնիվ բան, բայց եթե դուք ուզում եք ազատվել այս իշխանություններից, իսկ դրանից հետո թեկուզ ջրհեղեղ… որովհետեւ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է գալու դրանից հետո, նա պատասխանեց. «Բայց ո՞վ ասեց, որ մենք ջրհեղեղ ենք ցանկանում»: Հարցին՝ փոխվելո՞ւ են իրենք, հարկերը սկսելու են տա՞լ դրանից հետո՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք ցանկանում ենք հաստատել ժողորդավարություն»: Իսկ թե կլինի՞ դա ԲՀԿ-ի հետ ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «ԲՀԿ-ի հետ, թե առանց ԲՀԿ-ի՝ դա կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև