Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ փաստաբանը բաժանվել է ամբաստանյալ կնոջից եւ ամուսնացել ուրիշի հետ

Դեկտեմբեր 04,2012 22:15

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է   ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկինում Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռադիկ Պապյանի կնոջ` Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը:

Գործով տուժողները 16 հոգի են, Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ: Բացի այդ, նա, 3-4 քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանցից գումարներ է վերցրել, մեկից` 80 հազար դրամ,մյուսից՝ 450 դոլար եւ այլն: Հ. Ներկարարյանը դատարանում իր մեղքն ընդունել է մասնակիորեն: Նա ընդունել է, որ յուրացրել է թոշակների գումարները, սակայն չի ընդունել, որ քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել:

Գործով մեղադրողը   պահանջել է Հ.  Ներկարարյանին դատապարտել հինգուկես տարի ազատազրկման: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 14–ին:

Իսկ Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանում ավարտվել է Հ. Ներկարարյանի ամուսնու՝  փաստաբան Ռադիկ Պապյանի դատավարությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Ռ.  Պապյանը, հանդիսանալով ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում  քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով, Էդվարդ Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց եւ  խաբեությամբ  նրանից հափշտակել է   3000 ԱՄՆ դոլլար:

2012թ.  սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է   ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ռ. Պապյանին  դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման եւ կիրառել ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի  որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը և նշանակված ազատազրկման ձևով պատժի չկրած մասը կրճատել մեկ քառորդով` հաշվարկը թողնելով ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկին:  Դատարանը նրա  նկատմամբ ընտրված խափանման միջոցը`ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:  Ռադիկ Պապյանը բողոքարկել է իր նկատմամբ կայացված դատավճիռը, վերաքննիչ  բողոքի քննումն ընթացքի մեջ է:

Մինչ ընթանում է   Ռ. Պապյանի եւ Հ. Ներկարարյանի  դատավարությունը, Ռ. Պապյանն ամուսնալուծվել է Ներկարարյանից եւ ամուսնացել Դիլիջան քաղաքից մի աղջկա հետ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31