«Ամոթալի այս կեղծիքների հեղինակը գործող ռեժիմն է՝ իր ղեկավար՝ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս անհեթեթության բոլոր համահեղինակներն անկասկած ստանալու են իրենց արժանի գնահատականը, ստանալու են հասարակությունից, իրենց ուսանողներից, իրենց զավակներից: Բայց հարցը շատ ավելի խորն է, քան ընդամենը նորագույն պատմության դասագրքում տեղ գտած աղաղակող կեղծիքները: Հուշագրված դասագրքում, մասնավորապես, 2008-ի նախագահական ընտրությանը հաջորդած շուրջօրյա խաղաղ հանրահավաքները գնահատվում են ապօրինի, թեև ոչ մի ընդդիմադիր չի մեղադրվել ու դատապարտվել այս հոդվածով: Ընդդիմությունը մեղադրվում է խանութներ թալանելու, մեքենաներ հրկիզելու մեջ, մինչդեռ ընդդիմությունից ոչ մեկը դրա համար չի դատապարտվել: Եվ ո՞ւր է տանում մեզ այս ռեժիմը: Մարդիկ, ովքեր ներգրավված են այս կեղծիքների մեջ, ակամա փաստում են, իրենց և գործող ռեժիմի լիակատար վերջնական ձախողման մասին»,- այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ պատագամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ԵՊՀ-ի կողմից հրատարակված Հայոց պատմություն դասագիրքին, որում տեղ են գտել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների մասին պատմող հակասական նյութեր:
Պատգամավորը կոչ արեց մարտի 1-ի իրադարձություններին անդրադառնալ առնվազն տասը տարի հետո, երբ դրանք կլինեն պատմություն, ոչ թե քաղաքական շահարկումների առարկա: «Վաղը նույն թուրք-ադրբեջանական քարոզչությունը վերը նշվածը մատուցելու է որպես անհերքելի ապացույց, թե ինչպես են հայերը կարողանում կեղծել պատմական փաստերը»,- ասաց պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ