Այսօր ԱԺ նիստին բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարց ուղղեց. «Որպեսզի վերջնական հասկանանք այս բյուջեի եկամուտները, ես խնդրեցի ու չեմ կարողանում ստանալ Հայաստանի արտաքին պահուստների տեղաբաշխումն արտասահմանում: Սա հենց այն փաստն է՝ որտե՞ղ են Հայաստանի պահուստները, որտե՞ղ են մեր փողերը, ի՞նչ եկամտաբերություն ենք ստանում: Եթե գաղտնիք չէ, ասեք, ընդհանրապես պատգամավորն իրավասո՞ւ է ստանալ այդ պաշտոնական տեղեկատվությունը՝ որտե՞ղ են մեր արտաքին պահուստները»:
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե ՀՀ արտաքին պահուստների մասին Կենտրոնական բանկը հաշվետվություն է տալիս միջազգային ընդունված ֆորմատով. «Դրանք տպագրվում են ֆինանսական հաշվետվությունների հաղոդման միջազգային ստանդարտով եւ աուդիտ են անցնում ավելի մանրամասն աուդիտորական ընկերությունների կողմից: Դրանից ավելի մանրամասն տեղեկատվության հարցումը խորհուրդ չի տրվում, որովհետեւ դա պարունակում է առեւտրային եւ բանկային գաղտնիք: Կարծում եմ, որ եթե դուք ծանոթանաք մանրամասներին ԿԲ հաշվետվություններին, ապա մանրամասն կտեղեկանաք»:
Հրանտ Բագրատյանը հստակեցրեց, որ ինքը 2013-ի համար էր հարցնում, ոչ թե նախորդ տարիների: Նա հետաքրքրվեց նաեւ՝ 4 տրիլիոն 513 մլրդի մեջ ստվերային տնտեսություն կա՞, թե՞ ոչ: Դա այն ՀՆԱ-ն է, որը նշված է բյուջեում: «Կա,- պատասխանեց նախարարը,- Ազգային վիճծառայությունը երբ գնահատում է ՀՆԱ-ն , ՀՆԱ-ի մեջ գնահատում է չհաշվարկվող տնտեսությունը, ինչի մաս է կազմում ստվերային տնտեսությունը»: Հրանտ Բագրատյանը պատասխանից գոհ էր. «Շնորհակալություն պատասխանի համար, որ ստվերը բյուջեում ներառված է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև