Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում թեժ, լարված մթնոլորտում շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը, որը արդեն տևում է 9 տարի:
Հիշեցնենք, որ 27-ամյա Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում են 2003 թվականի դեկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու մեջ: Այսօր դատը սկսվելուն պես դատախազները կարդացին մեղադրական ճառը ` անակնկալի բերելով ու զայրացնելով դահլիճում գտնվողներին: Բանն այն է , որ վերջիններս փոխել են մեղադրանքը., եթե 9 տարի շարունակ այս 3 երիտասարդներին մեղադրում էին ՀՀ քրեական օրենսգրիք 104 հոդվածով, այն է` սպանություն կատարելը , որը մինչև ցմահ ազատազրում էր նախատեսում, այսօր դատախազությունը պատիժ պահանջեց Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1, 6 և 14 կետերով: Իսկ այս հոդվածը կոչվում է «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» և նախատեսում է 5-10 տարի ազատազրկում:
Ընթերցելով մեղադրանքը ` դատախազները 1 ժամ ընդմիջում խնդրեցին, որից հետո, վերադառնալով, շարունակեցին ընթերցանությունը:Մեղադրանքն այնքան երկար էր, որ 3 դատախազները հերթափոխով ընթերցեցին: Մեղադրանքում դարձյալ պնդում էին այն, որ «Մատաղիսի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մեջ երիտասարդները 2003 թվականի դեկտեմբերի 24-ին Սարգսյանի ծնողների կողմից ուղարկված սննդի մի մասը ուտելուց հետո, շինությունից դուրս գալով, սննդի մյուս մասը իրենցից պահանջելու պատճառով վիճաբանել են նույն զորամասի շարքային զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի հետ: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որից ընթացքում նրանց ոտքերով, ձեռքերով, մետաղյա ձողերով առողջությանը ծանր վնաս են պատճառել` անզգուշությամբ առաջացնելով տուժողներ Մկրտումյանն ու Եղիազարյանի մահը»: Այնուհետ դիակները գցել են ջուրը ու հայտարարել` ոչ տեսել ենք, ոչ լսել:
Կարդացեք նաև
Դատախազները, հիմնավորված համարելով այս 3 երիտասարդներին առաջադրված մեղադրանքը, 7-8 տարի ազատազրկում պահանջեցին նրանց համար. 7 տարի նախատեսել էին Ռազմիկ Սարգսյանի համար, 8 տարի էլ Արայիկ Զալյանի ու Մուսա Սերոբյանի համար: Ամբաստանյալներից և ոչ մեկը իրեն մեղավոր չճանաչեց ` նշելով, որ հոդվածի փոփոխմամբ մեղադրանքը չի փոխվել: Սակայն, երբ դատախազները սկսեցին հրապարկել պահանջվող պատժի չափը, մի իրարանցում սկսվեց դահլիճում, ամենավերջին անեծքները հնչեցին դատախազների հասցեին: «Բոյդ թաղեմ, կյանքիդ խերը չտեսնես, Աստծուց գտնես պատիժը», -պոռթկաց ամբաստանյալներից մեկի մայրը: Այնուհետ ամբաստանյալների հարազատները սպառնացին զինկոմի դռները փակել տալ ու չթույլատրել ոչ մի տղայի բանակ գնալ: «Էս ի՞նչ եք անում, դուք էլ լավ գիտեք, թե ով է մարդասպանը, բայց էս էրեխեքի վրա եք գցում, 9 տարի է ` էս անմեղների կյանքները կերաք, հմի ի՞նչ եք ուզում»,- ասում էին հարազատները: Դատական կարգադրիչները փորձում էին հանգստացնել նրանց, սակայն, ի պատասխան, վերջիններս լացակումած բացականչում էին. «Ի՞նչ ենք ասում որ, դեռ ասելը չեք տեսել»:
Դատը հետաձգվեց երկու օրով, այն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, իսկ պատճառն այն է, որ տուժողներից մեկի`Հովսեփ Մկրտումյանի հայրը խնդրեց տրամադրել դատախազության մի քանի էջանոց մեղադրանքը , որպեսզի ձեռքի տակ ունենա, ընթրեցի ու փորձի ընկալել , թե ինչ է գրված, և հետո նոր միայն հանդես գա ճառով:Սպանվածի հայրը ցույց տվեց, որ ինքը դատական պրոցեսների ժամանակ այդպես էլ չկողմնորշվեց, թե ո՞վքեր են մարդասպանները: «Ես կուզենայի, որ հարգելի դատախազները հրաժարվեին մեղադրանքից, ես էլ համաձայն չեմ այս հոդվածին, բայց եթե գտնում են, որ իրոք իրանք են մասնակցել էդ սպանությանը, հիմա թե պողպատ է ձեռքը, խուլիգանություն է, թե ինչ, ես ամեն դեպքում դեմ եմ: Իսկ եթե իրանք են արել, ես պահանջում եմ նույն հոդվածը»,-կասկածանքով ասաց Հովսեփ Մկրտումյանի հայրը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ