Արդեն մի քանի օր է, ինչ Ֆեյսբուքում գործող էջերին ավելացել է եւս մեկը: Այն կոչվում է «Կարա լինի»: Վերջինիս ադմինիստրատոր Ժիրայր Խաչատրյանը «Առավոտ երիտասարդականին» ասաց, որ էջը բացել է մարդկանց ուրախացնելու եւ ինֆորմացնելու համար. «Էջում դրվում են հետաքրքրաշարժ, ծիծաղելի նկարներ, գրում եմ հետաքրքիր պատմություններ, որոնք որոշ չափով ուսուցողական էլ են, գրում եմ նաեւ խորիմաստ մտքեր: Այս ամենը անում եմ ֆեյսբուքահայերի համար, որ բացի զրուցելուց, նաեւ հետաքրքիր ժամանակ անցկացնեն»:
Ժիրայրը պատմեց, որ «կարա լինի» արտահայտությունը օրվա ընթացքում շատ է օգտագործում, դրա համար էլ որոշել է էջն այդպես անվանել. «Այն այնպիսի մի արտահայտություն է, որ ցանկացած բանի հետ էլ սազում է: Օրինակ՝ մի նկար էի դրել էջում, որի նկարագիրն էր՝ եթե սիրում եմ, սիրում եմ երկար, իսկ եթե սերս փոխադարձ է, սիրում եմ հավերժ: Այ հիմա ասեք, կարա՞ լինի, թե՞ ոչ»:
Էջի ադմինիստրատորն ասում է, որ ընդամենը մի քանի օրում էջը արժանացել է մի քանի տասնյակից ավելի հավանությունների: Ժիրայրի խոսքով, դրանք շատացել են «Մանկական եվրատեսիլ 2012»-ի ժամանակ. «Compass band»-ի նկարն էի դրել եւ հաջողություն մաղթել մեր երեխաներին: Բացի նրանից, որ 300-ից ավելի Like ունեցավ նկարը, արժանացավ նաեւ մեկնաբանությունների, որի համար ես շատ ուրախ եմ»:
Արամ Արարատյան