Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասպարեզ» ակումբի նախագահի բացահայտումները` Վրաստանի Ժդանովական գյուղում տեղի ունեցած մահացու վրաերթի մասին

Դեկտեմբեր 04,2012 17:44

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ » ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը երեկ այցելել է Վրաստան` հետաքննելու, թե ի ՞նչ է իրականում կատարվել Ժդանովական գյուղում: Ինչպես հայտնի է, այս գյուղում 3 օր առաջ վրաերթից մահացել էր 79-ամյա Ռոզա Ներսիսյանը, և այս պատմության մեջ շոշափվում էր Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունը:

Նշենք, որ պարոն Բալասանյանը գարեջրի գործարան ունի Ջավախքում:

Լևոն Բարսեղյանը Aravot.am –ի հետ զրույցում պատմեց հետևյալը. «Ինձ շատ հետաքրքրեց այդ պատմության հանգամանքները, կապվում էր մեր քաղաքապետի հետ: Երեկ վաղ առավոտյան գնացի, հանդիպեցի հանգուցյալի մերձավորներին, եղա նաև ոստիկանությունում`Գարելովկա գյուղում և Նինոծմինդա քաղաքում: Խոսեցի ոստիկանների հետ, մի քանի լուսանկար արեցի, վերադարձա և այսօր հոդված եմ գրում այս մասին: Մեքենան, որի տակ ընկել էր կինը, ջիփ էր` «Հյունդաի Սանտա Ֆե», համարները հանված էին, կապոտը ծռմռված, ծեծված էր: Դեպքի վայրը ուշադրությամբ զննեցի: Տատիկը 79 տարեկան կին էր `փոքրամարմին, դիմացի՝ իր որդու տնից փաստորեն ճանապարhը հատել է, անցել է իր տունը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 7-ին, մութ է եղել, անցնող շարասյունն էլ բաղկացած է եղել 3 կամ 4 մեքենայից: Գյուղացիներից մեկն ասաց 3, մյուսն ասաց` 4, և այդ մեքենայի կապոտին է խփվել փաստորեն, կավիճով գծված էր գետնին: 26 մետր տիկնոջը մեքենան տարել է, և արգելակել: Մոտավորապես սա է եղել պատմությունը: Թե ով է եղել ղեկին, ոչ ոք գյուղացիներից չասաց, որ եղել է Սամվել Բալասանյանը, ասացին, որ այդ մեքենայի մեջ եղել են պաշտոնավոր մարդիկ, այսպես ասացին: Շատերի հետ եմ խոսել, դեպքից անցել էր օր ու կես, այդ տիկնոջ թաղումը երեկ չէր, ինչպես հայտնել են մի քանի լրատվամիջոցներով, այսօր է: Բացատրեցին, որ ազգականներին, որդիներին են սպասում, որ խոպանից գան:Իսկ մեքենան կանգնած է Գառելոկվա գյուղի ոստիկանության բաժանմունքում: Ոստիկանությունում` երկու տեղում էլ ասացին, որ չենք կարող հարցազրույցներ տալ, Թիֆլիսում լրատվական ծառայություն կա, անպայման նրանց հետ պետք է խոսեք: Նինոծմինդայում էլ ոստիկանապետը նույն բանը բացատրեց»:

Լևոն Բարսեղյանի պատմելով, դեպքը եղել է ոչ թե Ախալքալակ գնալիս, այլ Ախալքալակից վերադառնալիս: «Գյուղացիների պատմելով, եղել է հակառակը, այն, ինչ պատմում են լրատվամիջոցները: Դեպքը եղել է վերադառնալու երթևեկելի գոտում, այսինքն եթե աշխարհագրությամբ նայենք՝ արևմտյան երթևեկելի գոտում է, ճանապարհը Հյուսիս-հարավ է , այսինքն Ախալքալակից եկող ճանապարհին է եղել: Ժդանովական գյուղը հենց առաջին գյուղն է Բավրայից հետո, հենց սահմանահատում ես, 2 կիլոմետր այն կողմ հենց այդ գյուղն է, այդ մարդկանց տունն է: Շատ հարցուփորձ արեցի, որևէ մեկը չհաստատեց, որ դա եղել է քաղաքապետը, ասացին, Ախալքալակի գարեջրի գործարանի աշխատող մարդ է եղել: Ես հարցրեցի` արդյոք թողել, հեռացե՞լ է մեքենան, ասացին`ոչ, վարորդն անմիջապես իջել է, սպասել է, եկել, գծել են: Մի խոսքով փախնելու դեպք չի եղել, պատշաճ կերպով ամեն ինչ գրանցել են, գետնի վրա դեռ գծած էր դիակի դիրքը: Այսքանը ինձ հաջողվեց պարզել»,- ասաց Ասպարեզ ակումբի նախագահը:

Պարոն Բարսեղյանը զրուցել է նաև վրաստանյան ազգությամբ հայ սահմանապահների հետ, ովքեր ասել են, թե մի քանի տարի շարունակ իրենք այդտեղ աշխատում են, Սամվել Բալասանյանը 3-4 տարի շարունակ այդտեղով անցել-դարձել է, բայց նրան երբեք չեն տեսել մեքենայի ղեկին: «Սրանք են իմ ձեռք բերած տեղեկությունները կամ անձնական կարճ հետաքննությունը: Ինձ իսկապես շատ էր հետաքրքիր էր, թե որքանո՞վ էր այս ամբողջը հիմնավոր, ովքեր որ գրել են, լավ կլինի, որ հիմնավորեն, որովհետև «ըստ հավաստի աղբյուրների», «ինչպես մեզ հաղորդել են հուսալի աղբյուրները», այդ դարն անցել է, քաղաքապետարանն էլ հերքում է, վե՞րջը, ճշմարտությունը որտե՞ղ: Ես երեկ պարզեցի, որ ոչ մի լրագրող չի գնացել, ոչ մեկը գյուղում չի եղել, լավ կլիներ որ գնային, տեղում տեսնեին, մտնեին մեռելատունը, զրուցեին հարազատների հետ, բայց նման բան չի եղել»,- դիտողություն է անում փորձառու լրագրողը:

Նշենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, մեքենայի ղեկին եղել է 32-ամյա Զորիկ Պետրոսյանը:Իսկ, վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, աշխատել է Ջավախքի գարեջրի գործարանում:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Ասպարեզ» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31