Դեկտեմբերի 1-ին, Վարշավայի «Մամուլի ակումբում» կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Medialab.am կայքի հիմնադիր, լրագրող Մարիաննա Գրիգորյանին ««Չուսումնասիրված», սակայն խիստ մտահոգիչ. Հայաստանում տնային աբորտների աճի վտանգավոր միտում է նկատվում» հոդվածի համար շնորհվեց Eastern Partnership Journalism Prize- 2012-ի երեք գլխավոր մրցանակներից մեկը: Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանի արտաքին գործերի նախարարը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Մրցույթի է ներկայացված եղել 325 հոդված` գրված 142 լրագրողների կողմից, որոնք ներկայացնում էին Արեւելյան Եվրոպայի երկրները: Այդ հոդվածներից 12-ն անցել են եզրափակիչ փուլ, եւ երեքն արժանացել են գլխավոր մրցանակների:
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ եզրափակիչ փուլ են անցել հիմնականում լրագրողական հետաքննությունները, որոնք առնչվել են կոռուպցիային, կառավարության կողմից յուրացումներին եւ խոշոր չարաշահումներին, ցոփ ու շվայտ եկեղեցականների կենցաղին եւ բարքերին, ուշադրությունից ու հոգատարությունից դուրս մնացած երեխաների ինքնասպանություններին, տնային պայմաններում կատարվող աբորտներին եւ այլն:
Արդեն երկրորդ տարին կազմակերպվող մրցույթի նախաձեռնողը լեհական «Վարշավայի Լրագրողների Ֆոնդ»-ն է, որի կազմում ընդգրկված են լեհ հայտնի եւ ճանաչված հետաքննող լրագրողներ: «Այս երեք աշխատանքները լավագույններն էին ներկայացված հարյուրավորների մեջ,-մրցանակաբաշխության բացմանը հայտարարել է ֆոնդի հիմնադիրներից Միխալ Մայեվցկին,- որոնք առանձնանում են թե որակական, եւ թե կատարման բարձր տեխնիկայով, լրագրողների պրոֆեսիոնալիզմով»:
Տեղեկացնենք, որ հանդիսավոր արարողությանը հրավիրված էին եզրափակիչ փուլ անցած 12 տարբեր երկրներից ժամանած լրագրողները, որոնցից լավագույնը ճանաչվեցին Ուկրաինայի, Հայաստանի եւ Բելառուսի լրագրողների աշխատանքները:
«Մինչեւ հիմա իմ աչքի առաջ են լոգարանում դեղահաբերի միջոցով աբորտ անող աղջիկը, արյունահոսությունը, ամեն ինչից անտեղյակ նրա սարսափահար ծնողները,-հայ լրագրողի աշխատանքին է անդրադարձել կազմակերպիչներից մեկը` հայտնի լրագրող Պավել Ռեշկան,-շատ ուժեղ ու պրոֆեսիոնալ հոդված է, եւ արծարծված է խնդիր, որը կարող է արդիական լինել աշխարհի շատ երկրներում, սակայն մնալ ստվերում»:
Մրցանակակիրները արժանացան դիպլոմների եւ դրամական մրցանակների:
Ի դեպ, Մարիաննա Գրիգորյանը արդեն իսկ հասցրել է ստանալ միջազգային այլ հեղինակավոր մրցանակներ, ինչպիսիք են` Reporters Without Borders-ի սահմանած մրցանակը, «Free Press of Eastern Europe 2009»-ը, Fritt Ord and ZEIT-ի սահմանած «Press Freedom Award–Signal for Europe 2009»-ը: