Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ մեծամասնությունը նեղացած եւ վիրավորված է կառավարությունից

Դեկտեմբեր 04,2012 17:21

Այսօր խորհրդարանում 2013թ. բյուջեի նախագծի ամփոփիչ քննարկումների ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ իր ղեկավարած կառավարությունը մեծամասամբ կիսում է այն մտահոգությունները, որոնք իրենց ելույթներում եւ հարցերում բարձրացրեցին ընդդիմադիր պատգամավորները:

Նկատենք, որ հանդես գալով խմբակցությունների անունից, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քննադատեցին ստվերի եւ մենաշնորհների դեմ պայքարում բյուջեի նախագծի թերացումները, դպրոցաշինության ծրագրերի դանդաղկոտությունը եւ աղքատության նվազեցմանն ուղղված ոչ լիարժեք քայլերը:

Երեք խմբակցություններն էլ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բյուջեն քննադատեց իր հարցերով: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ չեղավ: Հիշեցնենք սակայն, որ դեռ նախագծի հանձնաժողովներում քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն եւս հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու 2013-ի բյուջեի նախագծին:

Բյուջեից դժգոհեց նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Պարզվում է՝ հանրապետականները  նեղացած եւ վիրավորված են, որ կառավարությունն ընդառաջ չի գնացել իրենց՝ ներկայացուցչական ծախսերը ավելացնելու առաջարկին: «Մենք չենք կարողանում անգամ պատվիրակներ հրավիրել: Մենք խնդիր ունենք, որ ԱԺ աշխատանքներն ավելի լավ լուսաբանվեն եւ այլն»,- ասաց Գալուստ Սահակյանը, հավելելով, որ «բյուջեն այն է, ինչ որ կա» եւ «ոչ ասելով տեղ չենք հասնի»: Հետեւաբար ՀՀԿ-ն  այո է ասելու 2013-ի բյուջեին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր ամփոփիչ ելույթում ընդգծեց, որ ստվերի դեմ պայքարի իր մոտեցումներում կառավարությունը կողմ է ընդդիմության մատնանշած տարբերակներին եւ հորդորեց ընդդիմադիրներին, որպեսզի հետագայում համատեղ օրենսդրական աշխատանքով  կարողանան այդ աշխատանքները ավարտին հասցնել:

Բյուջեի քվեարկությունն ամենայն հավանականությամբ կլինի վաղը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31