Լրահոս
Օրվա լրահոսը

Վաժա Ազիարաշվիլի.«Մեդաբնաշվե արավար»

Դեկտեմբեր 04,2012 16:57

Վրացի գրքամոլն ասում է՝ մեղավոր չեմ, եւ որ ինքը գործարքի դիմաց վճարել է

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ Ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից հնատիպ գրքերի գողության փորձի, առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության համար մեղադրվող, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլիի եւ նրան հանցակից ճանաչված Հասմիկ Դուրգարյանի, Վարդան Եղիազարյանի, Դավիթ եւ Երվանդ Ղամբարյանների, Կարեն Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը:

Գրադարանում պահպանություն իրականացնող ոստիկանը՝ Դավիթ Ղամբարյանը (պաշտպան՝ Էդիկ Աղաջանյան), մեղադրվել էր նշված խմբին օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի կողմի (մեղադրող՝ Ա.Նադոյան), նա բացել էր գրադարանի դուռը, որպեսզի Վաժան ծանոթանա այնտեղ եղած գրքերին:

Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Վաժան,Կարեն Հովհաննիսյանը, Վարդան Եղիազարյանը պետք է մտնեին գրադարան, բայց բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:

Ըստ պաշտպանի, մեղադրական եզրակացությունն անորոշ ձեւակերպումներ ուներ, եւ պարզ չէ, թե «առանձնապես խոշոր չափերի գողության փորձ» ասելով, արդյոք, ճշտվել է, թե գողացվելիք գույքի գումարը որքան է կազմել, ինչ գրքեր պիտի հափշտակվեին, հաշվառվա՞ծ էին այդ գրքերը, ինչպիսին էր դրա պատմամշակութային արժեքը:

Նա ասաց, որ իր պաշտպանյալն ունի 3 անչափահաս երեխա, նախկինում արատավորված չի եղել, 1 տարի է՝ գտնվում է կալանքի տակ, եւ դիմելով դատարանին միջնորդեց, որ եթե ազատազրկման ձեւով պատիժը նշանակվի, դատարանն այն պայմանականորեն չկիրառի:

Վաժա Ազիարաշվիլին գրավոր դիմել էր դատարան՝ երկրորդ պաշտպան ունենալու խնդրանքով: Դատավորը հարցրեց, թե, արդյոք, նա պնդո՞ւմ է իր խնդրանքը: Վրացի ամբաստանյալն ասաց, որ չի ուզում, որից հետո նրա պաշտպան Արտավազդ Փարսադանյանը հանդես եկավ պաշտպանական ճառով: Ի դեպ, վրացի ամբաստանյալն ապահովված է բարձրակարգ թարգմանով: Պաշտպանն ասաց, թե դատաքննության ժամանակ չգտնվեցին բավարար ապացույցներ, եւ մեղադրողը հետեւաբար, իր տպավորությամբ, պետք է հրաժարվեր մեղադրանքից:

Նա ասաց, որ Վաժան գողության կասկածանքով է բերման ենթարկվել ոստիկանությունում, որպես վկա հարցաքննել են, մարմնին առկա են եղել բռնության հետքեր:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի արդարացվի Վաժան, եւ նրան վերադարձվի Հասմիկ Դուրգարյանի մոտ ի պահ տված նրա 9000 դոլարը, որը, ըստ նախաքննության մարմնի, գործարքի արդյունք է:

ԵՊՀ 61-ամյա աշխատակից Հասմիկ Դուրգարյանի պաշտպան Բորյա Չիլինգարյանն ասաց, որ Վաժայի կողմից ի պահ տված գումարը կապ չունի գրքերի հետ: Հ. Չիլինգարյանին հարցաքննել են 5 անգամ, կատարվել է առերեսում Վաժայի հետ:Այս պաշտպանի ճառում էլ արծարծվեց այն միտքը, թե գույքի իրական չափը հայտնի չէ, եւ որ երբեք գույքագրում չի կատարվել գրադարանում:

Ավելին, ըստ մեղադրական կողմի, խոսք է գնում 5 միլիոնից ավելի վնասի մասին, մինչդեռ, այս նույն գործով, տուժող կողմը քաղաքացիական հայց է ներկայացրել 13 միլիոնից ավելի դրամ վնասի պահանջով:

Պաշտպանը դատարան էր ներկայացրել շնորհակալագրեր, մասնավորապես Արցախի պետական համալսրանից, Քաշաթաղի շրջանից, տիկին Հասմիկի բարեգործությունների հետ կապված:

Նա միջնորդեց ազատազրկման ձեւով պատիժ սահմանելու դեպքում, այն պայմանականորեն իր պաշտպանյալի նկատմամբ չկիրառել:

Ամբաստանյալ Վարդան Եղիազարյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ նախաքննության ժամանակ իր պաշտպանյալը պաշտպան չի ունեցել: Սկզբում հարցաքննել են որպես վկա, ապա կասկածյալ, մեղադրյալ:

Նա գտնում էր, որ ոչ թե գողության փորձի հատկանիշներով պետք է որակվեր եւ մեղադրանք առաջադրվեր, այլ՝ գողության նախապատրաստելու:

Իսկ ամբաստանյալ Երվանդ Ղամբարյանի պաշտպան Ռազմիկ Թովմասյանն էլ ասաց, որ մարմնական վնասվածքներ են հասցրել իր պաշտպանյալին ոստիկանության բաժնում, ստիպել են, որ գրի, թե Վաժան իրեն 20 000 դոլար գումար է տվել:

Նա պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին:

Հաջորդ դատական նիստին կլսվի Վաժայի վարորդ Կարեն Հովհաննիսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի պաշտպանական ճառը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31