Օրեր առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթաժողովը: Արդյոք այն կարելի՞ է դիտարկել ՀՀ նախագահական ընտրությունների համատեքստում որպես աջակցություն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Aravot.am-ը այս կապակցությամբ ստացավ մի շարք քաղաքական վերլուծաբանների մեկնաբանությունները:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Սա միանշանակ իր մեջ մեծ չափաբաժին է պարունակում հենց նախընտրական սատարման: Սակայն միայն այդ սատարումով չէր պայմանավորված այս գագաթաժողովը Հայաստանում, քանի որ լուրջ տարածաշրջանային հարցեր են բարձրացվել, որոնց մեջ ՀՀ-ի դերը բավականին մեծ է: Եվրոպան մեծ շահագրգռվածություն ունի այդ հարցերի լուծման գործում: Օրինակ՝ ՀՀ-ի հետ տարվող ասոցացման պայմանագիրը, ազատ առևտրի պայմանագիրը: Այդ ամենը օր առաջ կստորագրվի և կվավերացվի ու կդառնա իրականություն, քանի որ այստեղ Եվրոպայի արևելյան քաղաքականությունն է Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի հետ: Բարոզուն էլ ասաց, որ փաստորեն ոչ միայն տնտեսական օրակարգով է սահմանափակված մեր համագործակցությունը Արևելյան գործընկերությունում: Փաստորեն, կարող ենք կարծել, որ Եվրոպայի թեկնածուն Սերժ Սարգսյանն է »:
Այնուհետև պարոն Մեհրաբյանը նկատեց. «Որքան էլ Սերժ Սարգսյանը լինի Եվրոպայի թեկնածուն, ունեցանք լրացուցիչ ընտրություններ, երբ տեսանք էլ թանաք է ցնդում, էլ լրագրողի ձեռքից ձայնագրիչ են տանում տեսախցիկի պայմաններում, տեսանք անհասկանալի թեկնածու, որի անունը ոչ մի բան է և ոչինչ չի ասում և այդպես էլ որևէ հրապարակային ելույթ չի ունեցել: Տեսանք, որ ինչքան էլ Սերժ Սարգսյանը խոստումներ է տալիս, միևնույն է՝ կրիմինալ օլիգարխիան չի ուզելու զիջել իր դիրքերը Հայաստանում: Իսկ նրանց համար ընտրություններն այդպիսին են: Ինչպես Նապոլեոնն էր ասում՝ ամեն ինչ ճիշտ է, բայց ըստ էության սա խոզություն է: Չեմ կարծում, որ նման ընտրությունները կարող են մեծ ակնկալիքներ ունենալ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման առումով: ՀՀ-ն հետխորհրդային պարադիգմայից, ճահճից, ասիական կեղից դուրս չի գա: Բայց մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ վիճակի և հասնելու է»:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթաժողովը կարելի է նաև Սերժ Սարգսյանին աջակցություն դիտարկել: Բայց միևնույն ժամանակ նշեց. «Ես անհարմար եմ զգում այս շեշտադրումներից: Աջակցում են, չեն աջակցում, ի՞նչ նշանակություն ունի: ՀՀ-ի դերին ու կշռին ուղղված քայլ պիտի դիտել, ոչ թե ՀՀ առաջին դեմքին աջակցություն: Ժողովրդին շատ էլ հետաքրքիր չէ, ով ինչ կասի, ով ում կաջակցի: Ավելի լավ կլիներ ակցենտները փոխվեին: Ինքը ժողովուրդը պիտի ընտրի պետության լիդեր ու ղեկավար: Մնացածը հիվանդ բաներ են, էլ Եվրոպա, էլ Բարոզու, էլ Պուտին, էլ էրդողան: Մենք պետք է ընտրենք մեր երկրի ղեկավար»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ