«Գիրքը գրելու ընթացքում ամեն ինչ վերապրեցի: Լավ, վատ, անարդար, ամեն մի օրը վերապրել եմ: Գրելուց հետո ինձ մի բան հանգստացրեց, որ այնուամենայնիվ հասցրեցի: Սուրբ գործի համար միշտ էլ ուժեր կգտնես»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիճյանը:
3 տարի ընդմիջումներով Ռիմա Դեմիրճյանը գրել է ամուսնու` հասարակական, քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակին նվիրված գիրք`«Հիշատակ» վերնագրով:
Ռիմա Դեմիճյանը օգտվել է օբյեկտիվ նյութերից, մեջբերումներ է արել ամուսնու խոսքերից, ցանկանալով ապահովել նրա կենդանի ներկայությունը.
Կարդացեք նաև
«Էմոցիաներս դրել եմ մի կողմ, որպեսզի մարդիկ հավատան իմ գրքին: Քաղաքական գործչին չի կարելի անջատել պատմական ժամանակից, մթնոլորտից եւ աշխատակիցներից: Կարծում եմ գիրքը հաջողված է: Կարենի հիշատակը եւս մեկ անգամ հավերժացավ»:
Գրողը ցանկացել է հետադարձ հայացք ձգել ամուսնու կյանքի անցած ուղուն, իմաստավորել այն, գնահատել ու վերագնահատել, ամփոփել, իմի բերել ապրածը: Դա ամեն մի մարդու բնական ցանկությունն է, հատկապես կյանքի մայրամուտին, երբ ժամանակը արդեն նեղում է, իսկ արտահայտվելու ցանկությունը ուժեղանում.
«Ներկայացվող գրքի խնդիրն է ներկայացնել հերոսի բացը, մասամբ, քանի որ այդ թեման անսպառ է: Սա Կարեն Դեմիրճյանի կենսագրությունը չէ, ոչ էլ պատմական կամ գիտական աշխատություն, այլ ընդամենը մի փորձ է սեփական ներդրումն ունենալ Կարենի պատմության ամբողջական կերպարը ներկայացնելու գործում»:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի պնդմամբ, գիրքը գրական եւ մարդկայն ինքնուրույն փաստաթուղթ է.
«Գրականության մեջ սա հազվադեպ երեւույթ է. կինը գրել է ամուսնու մասին: Դա սիրող կնոջ խոսք է: Կարեն Դեմիրճյանի պես անհատներ շատ քիչ են ծնվում, նա Խորհրդային Հայաստանի ամենավառ ու վաստակավոր դեմքերից էր»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ