Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի 2-րդ փուլը սկսելու համար տրամադրվելու է եւս 5 միլիոն եվրո դրամաշնորհ: Այսօր Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան:
ԵՄ դեսպանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի բարեկարգել մետրոյի ենթակառուցվածքները, ինչպես նաեւ լուծել ջրի արտահոսքի եւ էներգահամակարգի հետ կապված մի շարք խնդիրներ:
ՎԶԵԲ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի խոսքով՝ ծրագրի առաջին փուլի հիմնական նպատակներից մեկը ուղեւորներին
Կարդացեք նաև
անվտանգություն ու հարմարավետություն ապահովելն էր: Նա նաեւ նշեց, որ ծրագրի շնորհիվ Երեւանի Մետրոպոլիտենը զգալի խնայողություն է արել, ինչի հաշվին կարողացել է 10 վագոն վերանորոգվել:
Վալերիու Ռազլոգը նաեւ հույս հայտնեց, որ ծրագրի երկրորդ փուլի ընթացքում նույնպես հնարավոր կլինի խնայողություն անել ու վերանորոգել մնացած վագոնները:
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ չեն բարձրացվել Մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձերը մետրոյի ուղեվարձը 50 դրամով թանկացնելուց հետո, Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը պատասխանեց. «Դուք ինչո՞ւ եք համեմատում աշխատակիցների աշխատավարձերն ու ուղեվարձը: Մեր աշխատակիցների աշխատավարձը հանրապետության միջին աշխատավարձից դեռ 5 տոկոս էլ բարձր է: Մեր ուղեւորների թիվը 25%-ով պակասել է, սակայն եկամուտներն ավելացել են 40% -ով: Ուրեմն արդարացված էր թանկացումը, պարզ չէ՞»՚:
Պարոն Յայլոյանը նաեւ հաստատեց, որ իրականացվող ծրագրի շրջանակներում մետրոյի նոր կայարանների բացում չի նախատեսվում:
Երկու տարի առաջ սկիզբ առած ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Եվրոպայի Զարգացման եւ Եվրոպական Ներդրման բանկերի հետ համագործակցության շրջանակներում:
Աշոտ ԱԹԱՅԱՆ