Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին «Հայկական ժամանակի» լրագրողը մի ուշագրավ հարց ուղղեց՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցում տեղեկություն կա, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի մարդիկ Վլադիմիր Գասպարյանի հրամանատարության ներքո գտնվել են Պարոնյան փողոցի վրա, այնուհետեւ տեղափոխվել են Պարոնյանի փողոց: Այսինքն, փաստահավաք խումբը ունի փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցություն ունեցել է: Լեւոն Զուրաբյանին դա դուր չեկավ եւ ավելի շատ դուր չեկավ, որ նման հարց տվեց ՀԺ-ի լրագրողը: Նա արձագանքեց. «Լավ, այդ փաստերն, ասենք, ընդունեցինք ի գիտություն: Մենք խոսում ենք հանցանքի լիակատար բացահայտման մասին: Հրամանները ով է տվել, ինչ շղթայով, ով է կրակել, ով է կազմակերպել այդ ամեն ինչը: Դուք ասացիք մի հատ առանձին փաստ: Ես ասում եմ՝ եկեք գտնենք բոլոր մեղավորներին, կոնկրետ քրեական հանցանք կատարածներին»:
ՀԺ-ի լրագրողը շարունակեց իր հարցը՝ այսինքն, երբ մարդը թիկնազորն ուղարկում է կոնկրետ գործողությունների, նրա մասնակցությունը հարցականի տա՞կ է, նման կոնկրետ փաստը ձեզ չի՞ կաշկանդում բանակցություններ վարել ԲՀԿ-ի հետ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կներեք, դուք հիմա եւ ինձ, եւ ձեզ փորձում եք դնել իրավապահ մարմինների, քննիչների վիճակում: Մենք պետք է ունենանք շատ հստակ փաստեր՝ ով է տվել կոնկրետ հրաման, ով է կատարել քրեական հանցանք, ով է այդ շղթան կատարել: Եթե այդ համագործակցության հետեւանքով մենք կարողանում ենք Մարտի 1-ի թեման բերել քաղաքական օրակարգ, եթե կարողանում ենք այնպես անել, որ իշխանությունը դա չհամարի փակված թեմա, եթե կարողանում ենք բացահայտման գործն առաջ տանել, ապա դրանով արդարացված չի՞ այդ համագործակցությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև