«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և իր հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ»
ԱՄՆ-ի նախագահ Օբաման զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ այս երկրում ընդդիմության դեմ կառավարական զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
Այս հայտարարությամբ նախագահ Օբաման հանդես է եկել Վաշինգտոնում գտնվող Պաշտպանության ազգային ինստիտուտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում:
«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և իր հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ: Քիմիական զենքի կիրառումը որևէ արդարացում չի ունենա: Եթե կատարեք ողբերգական նման սխալ, ապա դրա հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի ձեր վրա», – ասել է նախագահ Օբաման՝ հավելելով, որ «չենք կարող թույլ տալ, որ 20-րդ դարի ամենազարհուրելի զենքերը մռայլեցնեն 21-ր դարը»:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում նախագահ Օբաման և ԱՄՆ-ի պաշտոնանկության նախարար Լեոն Պանետան խոսել են նաև Զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի գործողության արդյունքում ունեցած ձեռքբերումների մասին:
Զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի գործողությունը շուտով սպառվում է, և նախագահ Օբաման հորդորել է Մոկսվային աշխատանք տանել՝ պայմանագրի արդիականացման և երկու պետությունների անվտանգությունը բարձրացնելու շուրջ:
Օբաման ասել է նաև, որ երկու պետությունները պետք է շարունակեն զանգվածային զենքի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները, որպեսզի նման զենքեր չհայտնվեն ահաբեկիչների ձեռքերում: Նա նշել է նաև, որ միջուկային ահաբեկչությունը կանխելուն ուղղված աշխատանքը շարունակում է մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության առաջնորդություններից:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»