Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարությունը` Լուսինե Զաքարյանի տունը փրկելու մասին. «Դա զուտ ընտանիքի խնդիրն է»

Դեկտեմբեր 04,2012 16:18

Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի տան պատերի ներսում կատարվող ավերածությունները պատկերող նկարները սոցիալական ցանցերում տարածվելուց հետո «Ֆեյսբուքում» նաև էջ բացվեց, որի նպատակն է կազմակերպել ստորագրահավաք ուղղված Մշակույթի նախարարությանը:

Մասնակցիները մշակութային արժեքների պահպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունից պահանջում են կործանումից փրկել երգչուհու տունն ու այն վերածել Լ. Զաքարյանի տուն-թանգարանի: Մոտ 300 օգտատեր արդեն հաստատել է` նախաձեռնությանը միանալու մասին, պետք է թիվը հասցնել մի քանի հազարի, ապա նամակներ հղել Ամենայն կաթողիկոսին, երկրի ղեկավարին, մշակույթի նախարարին: 

Մշակույթի նախարարությունը համացանցում այդ լուսանկարները տեսնելուց հետո նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի վերջինս դիմի «Երևան Ջուր» ընկերությանը հարցը կարգավորելու համար: Քաղաքապետարանից նամակի պատասխանը նախարարություն դեռ չի հասել: Նկարներից երևում է, որ տան սենյակների պատերը, հատակն ու առաստաղը թաց են, վերևից ջուր է կաթում:

«Պարզ դարձավ, որ իրականում ՝ թե ԻՆՉ ԿԼԻՆԻ ԱՅՍ ՏԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ»,-սոցցանցում տեղադրված նկարների վերևում նման գրություն կա։

«Մենք մուտք չունենք այդ բնակարան, դա նրանց ժառանգների սեփականությունն է, և նախարարությունը որևէ իրավունք չունի այդ տան նկատմամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում իրենց ոչինչ չանելն այսպես բացատրեց Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը:

Երգչուհու ամուսինը` Խորեն Պալյանն  իր կենդանության օրոք ստեղծել է «Լուսինե Զաքարյան» հիմնադրամը: Խնդրի առարկա տան սեփականատերերը Խ. Պալյանի եղբոր որդիներն են: Նախարարությունը, վարչության պետի տեղակալի խոսքով, նրանց երկու տարի առաջ առաջարկել է տան նկատմամբ ունեցած սեփականությունը զիջել իրենց կողմից տնօրինվող «Լուսինե Զաքարյան» հիմնադրամին, որպեսզի այդ հիմնադրամն էլ ստեղծի թանգարանը:

«Այդ դեպքում մենք պատրաստ ենք օժանդակելու բոլոր հարցերում: Այդ դեպքում որևէ առք ու վաճառքի խնդիր չի լինում, տունը նորից մնում է իրենց սեփականությունը: Դա պետք է անեն ժառանգները, մենք առաջարկել ենք, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել, ասել են` կմտածեն»,-ասաց Ն. Դայանը:

Հետո` երկու տարվա ընթացքում նախարարությունից որևէ մեկը չի զանգել կամ տեսնվել սեփականատերերի հետ` իմանալու ի՞նչ են մտածել, որոշում ընդունե՞լ են, թե՞ ոչ:

«Մենք իրենց բոլոր իդեաները, փաստաթղթերը տվել ենք: Մնացածը իրենք պետք է անեն: Մի քիչ էլ բան է չէ՞ անընդհատ զանգահարել, ասել ի՞նչ որոշեցիք, ի՞նչ որոշեցիք: Եթե ինչ-որ բան որոշել են, ապա կասեն»,-իրենց անհետևողականությունն այսպես արդարացրեց նախարարության պաշտոնյան:

Հարցրեցինք հնարավոր չէ՞ որոշակի գին վճարել կամ այլ քայլեր ձեռնարկել` այդ պատերի ներսում Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի մասին պատմող եղած առարկաններն ու գրքերը փրկելու համար:

«Նախարարությունը չի կարող քայլեր ձեռնարկել, որովհետև նախարարությունն ունի Արվեստի և գրականության թանգարան, որն իր պլանավորված ծրագրի համաձայն, հատուկ տեղ է տալու և Լուսինե Զաքարյանին, և Խորեն Պալյանին: Այսինքն` նման աշխատանքներ մենք կատարում ենք, մենք հավաքել ենք այդ նյութերը, պետության կողմից ներկայցվելը, որպեսզի նա չմոռացվի, մենք անում ենք, դա զուտ ընտանիքի խնդիր է, թե չէ անհնարին է բոլորի համար թանգարան ունենալը, դա լուրջ էլ չի էլի, պատկերացնում ես, Պավել Լիսիցյանի թանգարան չկա, Գոհար Գասպարյանինը չկա, այդ բոլորը … չենք կարող այդպիսի բան անել»,-ասաց Ն. Դայանը:

Կարծում ենք` Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի հարցը չի կարող զուտ ընտանեկան խնդիր լինել ուղիղ այնպես, ինչպես Լուսինե Զաքարյանի ձայնը, որ բոլորինս էր և է: Ի վերջո` տունը կարելի էր գնել հարազատներից, կամ գոնե հետևողական լինել հարցին: Սրտացավության դեպքում, իհարկե: Ուրիշ հարց, թե մշակույթի նախարարությունը իր ֆինանսների բաշխումը ինչպես է կատարում` ինչն է որպես մշակութային արժեք կարևորում ու ինչն է մտցնում իր կատարողականի մեջ: Դեռ տարվա վերջի հաշվետվությունը չկա, բայց չգիտես ինչու կա համոզվածություն, որ դրանում որպես արված գործ մեծ քանակ կկազմեն համերգների կազմակերպումը ու այնպիսի երգիչներին Հայաստան հրավիրելը, որ… : Այո, չենք էլ համեմատի:

Աղբյուր` Panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31