Վաղը նորաբաց «Անտիկյան» ցուցասրահում կկայանա ինքնատիպ նկարիչ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը եւ կատալոգի շնորհանդեսը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց արվեստագետը, կատալոգը վերջին 13 տարիներին արված գործերն է ներկայացնում՝ գծանկարներ, դիմանկարներ, քանդակներ. «Այն կոնկրետ անուն եւ թեմա չունի, բայց քանդակները, նկարները եւ գծանկարները միմյանց հետ կապված են, գրքում նաեւ արվեստաբանական տեքստեր կան՝ Մայքլ Պարասկոսի, Նիկոլետտե Ռամիրեզի, Վարդան Ջալոյանի եւ ուրիշների կարծիքները»:
Կարդացեք նաև
Արշակ Սարգսյանը փաստեց, որ «Անտիկյան» ցուցասրահը տարբերվում է երեւանյան մյուս ցուցասրահներից, ինչպես ներկայացվող գործերով, այնպես էլ նկարիչների բույլով. «Հայաստանում քանիցս ցուցադրվել եմ, բայց առաջին անգամ «պաշտոնապես» հենց «Անտիկյան» գալերին է ինձ ներկայացնում: Կարծում եմ՝ այն համապատասխանում է իմ տեսակի արվեստագետին»:
Իր կարծիքով ի՞նչ մարտահրավերներ կան ժամանակակից հայ արվեստագետի առաջ: Մեր զրուցակցի համոզմամբ, դա կախված է նրանից, թե արվեստագետն ինչ տեսակ մղումներ ունի. « Օրինակ՝ կա մի տեսակ, որը ստեղծագործում է՝ առանց մտածելու արդյունքի մասին, ստեղծագործելը նրա համար ապրելաձեւ է: Ինչ վերաբերում է ինձ, արվեստը նախ ինքդ քեզ հասկանալու, ապա արտաքին աշխարհի հետ կապված զգացողություններդ արվեստի մեջ ներդնելու ու այդկերպ փոխանցելու հնարավորություն է: Կարեւորը, որ արվեստագետը հետաքրքիր լինի եւ Հայաստանում, եւ ամեն տեղ: Միակ տարբերությունը հայ լինելու այն է, որ երբ ցուցադրվում ես ուրիշ երկրում, էկզոտիկ ես քո արվեստով, որովհետեւ այն հենց քո քաղաքում՝ Երեւանով ես ստեղծել, այն էկզոտիկ փառ ունի իր վրա, որը եվրոպացիների համար անճանաչելի է, իրենք առաջին անգամ են նման բան զգում: Այդ ամենն էլ գալիս է քո փոքր, հետաքրքիր երկրից»:
Նշենք, որ Արշակ Սարգսյանի աշխատանքները ցուցադրվել են շատ երկրներում, այդ թվում՝ Անգլիայի Albemarle պատկերասրահում, ինչի առիթով 2009-ի աշնանը Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ընդունելություն էր կազմակերպել հայազգի նկարչի պատվին ու շեշտել, որ լոնդոնյան լուրջ պատկերասրահում ցուցադրվելը խոսում է Արշակ Սարգսյանի տաղանդի մասին: Այս նկարչին մասնագետներն անվանում են Երեւանի երիտասարդության վիզուալ պոետ: 2005-ին նա արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին՝ գեղանկարչության ոլորտում ունեցած նվաճումների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ