ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գնահատմամբ, նախօրեին ԱԺ լրացուցիչ ընտրություններն անցել են բարձր մակարդակով:
«Եթե որեւէ մեկը փորձի այս ընտրություններին էթիկետներ կպցնել, նշանակում է այդ մարդը ցանկացած լավ բանի նայում է սեւ ակնոցով: Ճիշտ է, ակտիվությունը շատ մեծ չէր, բայց այդ ակտիվության պայմաններում էլ շատ նորմալ ընտրություններ անցկացվեցին: Բացի պարտվողներից, որոնք ճիշտ կլիներ, իրենց ցիվիլ ձեւով պահեն ու շնորհավորեն հաղթողներին, պետք չէ այլ ձեւերով ընտրությունների վրա ստվեր գցեն»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը:
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ հավելեց, գյումրեցիները առանձնահատուկ ժողովուրդ են՝ գնացին, ձայն տվեցին մի տղայի, որին չեն ճանաչում. «Եթե փորձում ես քաղաքային ստադիոնում գումար դնել, պատգամավոր ես: Եթե մի հատ էլ կինոթատրոն նորոգես՝ արդեն պատգամավոր ես: Բայց ես այդ տղային չեմ ուզում անդրադառնալ, լավ հայրիկ ունի Ուկրաինայում, հեսա ընտրություններ են պետք կգա»:
Կարդացեք նաև
Պարոն Եղիազարյանը դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունները գնահատելու համար սկսեց Հրազդանի քաղաքապետի եւ մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից. «Նախկին ընտրություններին խայտառակ բաներ էին տեղի ունենում: Ինչ ասես, որ չկար: Գյուղեր էին գնում, ով որ որդի ուներ կալանավայրում, ասում էին երկու ձայն բեր, ձեր որդուն կազատենք: Հաջորդ անգամ անուններով կխոսեմ: 10.000 դրամներն առած մուտքից մուտք են գնացել: Նույն բանն էլ Ավանում է, Գյումրիում է եղել»:
Նախորդ ընտրություններից պարոն Եղիազարյանը նաեւ մտաբերեց, թե ինչպես է ՕԵԿ-ից մի կին ընտրակեղծիքներ անելու համար կրծքերը բացել. «ՕԵԿ-ական մի կին Մեծ Բրիտանիայի դեսպանի առջեւ բացեց կրծքերը, ասում էր՝ դե շուռ արի, չես տեսնում, դոշերս բաց ա, սիրտս վատ ա: Սա ստիպված շուռ էր եկել, խալաթներով որոշ սրիկաներ շտապ օգնության անվան տակ լցվել էին , լցոնումները կատարել»:
Հարցին, թե ինչու ընդդիմությունը թիվ 1 ընտրատարածքում չսատարեց ընդդիմության թեկնածու Ստյոպա Սաֆարյանին, պարոն Եղիազարյանն այդպես էլ չհստակեցրեց. «Ես պաշտպանել եմ Ստեփան Սաֆարյանին՝ իմանալով, որ չի հաղթելու: Որովհետեւ դիմացի թեկնածուն շատ լուրջ տղա է: Մի կողմից ունենք Ստեփան Սաֆարյան, մյուս կողմից՝ անհայտ երիտասարդ»:
«Հայտնի Ռոբերտ Սարգսյանը»,- հավելեց հանրապետական պատգամավորը:
Գ. Եղիազարյանը շարունակեց. «Անհայտ երիտասարդը 18.000 ձայն է տանում»: ՀՀԿ պատգամավորն էլ լրացրեց՝ 18.000 ձայն անհայտ երիտասարդին չեն տվել, ձայները տվել են այն կուսակցությանը, որն իրեն առաջադրել է:
«Այն կուսակցությանն են ձայն տվել, որ այսօր 1միլիոն 270 հազար մարդու մղել է աղքատության գիրկը»,-հավելեց պարոն Եղիազարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ