Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման գործող օրենսդրական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները քննարկվեցին այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում:
Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի (GFMC) համագործակցությամբ` «Շրջակա միջավայրը և անվտանգությունը» (ENVSEC / ՇՄԱ) նախաձեռնության շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցեցին համապատասխան պետական մարմիններից, միջազգային կազմակերպություններից և քաղաքացիական հասարակության շուրջ 40 ներկայացուցիչներ:
«Անտառային հրդեհները վտանգ են ներկայացնում Հայաստանի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար, և խնդիրը չի կարող լուծվել միայն մեկ կազմակերպութան կամ պետական մարմնի միջոցով: Կարևոր է ապահովել պետական կառույցների, տեղի ու միջազգային կազմակերպությունների և դոնոր համայնքի համագործակցությունը և համատեղ ջանքերը անտառային հրդեհների կանխարգելման և վերահսկման կարողությունների շարունական հզորացման համար», – նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոնը: «Շրջակա միջավայրը և անվտանգությունը» նախաձեռնության միջոցով ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել տարբեր շահագրգիռ կողմերին` այս ոլորտում իրենց գործունեությունը բարելավելու համար միասնական հարթակի ստեղծմանը»:
Հանդիպման մասնակիցները նաև քննարկեցին անտառային և այլ տարածքների հրդեհների կառավարման Հայաստանի 2012թ. գործողությունների պլանը և դրա իրականացման ռազմավարությունը:
Կարդացեք նաև
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փոխտնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշեց. «Հայաստանի չոր կլիմայական պայմաններում անտառային հրդեհները կարող են ոչնչացնել անտառներ, այգիներ, խոտածածկ տարածքներ և համակողմանի ու հետևողական պայքար չկազմակերպելու դեպքում այն կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի: Հենց դա է պատճառը, որ քննարկվող հարցն իր հրատապությամբ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»:
Քննարկումը, որը ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ՇՄԱ ծրագրի մի մասն է նպատակադրված է բարելավել Հարավային Կովկասում անտառային հրդեհների վերահսկումը, ինչպես նաև աջակցել երկրներին ձևավորելու ազգային անտառների հակահրդեհային վերահսկման քաղաքականությունը, դրա իրականացման ռազմավարությունն ու խթանելու տարածաշրջանային համագործակցությունը:
ՇՄԱ վեց կազմակերպությունների` ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի և ՆԱՏՕ-ի` իբրև ասոցիացված գործընկեր, համագործակցություն է, որի նպատակն է մասնակից երկրներում և տարածաշրջաններում շրջակա միջավայրի և անվտանգության միջև կապի հայտնաբերումը և խնդիրների լուծումը:
ԵԱՀԿ