«Հաշվի առնելով այն, որ այս դատավարական պրոցեսը կապված է «Կյանքի խոսք» կրոնական կառույցի հետ, մենք դատական գործից հետո մանրամասն կծանոթանանք գործի նյութերին, բայց մինչ այդ ասեմ, որ թերի կատարված քննություն է իրականացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը՝ խոսելով դերասանուհի Անժելա Սարգսյանի գործով մեղադրյալ ու արդեն դատապարտված Կարեն Արեյանի մասին:
Ըստ Ամարյանի՝ «Չի կատարվել կոմպլեքս փորձաքննություն, որի մեջ մտնում է համակարգչայինը, նկարները. որտեղից են դրանք տեղադրվել, կամ քանիսն են ուղարկվել Կարենի կողմից, թե որն է կողքից ավելացվել՝ իրականում պարզ չէ: Կարելի է մի տաս հատ նկար հրապարակել եւ ցանկացած մարդու ասել, որ սա քո հրապարակածն է: Հետո խաբեությամբ, կամ ինչ որ մի ձեւ համոզել, ցուցմունք կորզել ու ստեղծել իրավիճակ, որ այդ մարդը մեղավոր է, երբ նա ընդհանրապես կապ չունի պոռնոնկարների տարածման հետ: Եվ վերջապես ո՞վ է որոշում, ինչ է պոռնոգրաֆիկը. իրականում այդ նկարների եւ ընտանեկան գաղտնիք պարունակելու մեջ, նախ պետք է առաջինը պարզվի, թե ո՞վ է Անժելայի նկարների մեջ: Իսկ եթե ուսումնասիրեն՝ կտեսնեն, որ դրանցում Անժելայից բացի երկրորդ անձը տարբեր մարդիկ են, մեկ հոգի չէ»,-ասաց Ամարյանը, նշելով, որ հետամուտ է լինելու այս գործին, խոստանալով՝ հետագայում այլ մանրամասներ հաղորդել: Իսկ ինչ վերաբերվում է գործը բողոքարկելուն, ապա Ամարյանը համոզված է. «Դա միանշանակ պարտադիր է, որովհետեւ, եթե կան թերի բաներ, ապա դրանք պետք է շտկել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ